Երեք կուսակցությունների ստեղծած աշխատանքային խմբի հաղորդագրություն


15:04 , 30 հունիս, 2020
Ինչպես հայտնի է, այսօր «Բարգավաճ Հայաստան», Հայ յեղափոխական դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել ընդհանուր առմամբ 9 էջից բաղկացած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում։ Ըստ էության, ներկայացված հաղորդումը միտված է օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն։

Սահմանադրական դատարանի և դրա առանձին դատավորների դեմ նախաձեռնված և դատական իշխանությունը զավթելուն միտված գործողությունները սկսվել և շարունակվում են մեկ տարուց ավելի՝ նպատակ ունենալով Սահմանադրական դատարանում ձևավորել կառավարելի մեծամասնություն: Այլ խոսքով՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու և Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաև նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաև այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին և այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները։

Այս գործողություններով հանցակիցները խախտում են իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը և անգամ փաստացի վերացնում Հայաստանի Հանրապետության՝ իրավական պետության լինելու բնութագիրը։ Նկատի ունենալով, որ այս փաստերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ և առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով` հանցագործության մասին Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդմամբ խնդիր է դրված հարուցել քրեական գործ և կատարել պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն: