Երթևեկության համակարգը բարելավելուն ուղղված քայլեր


13:24 , 23 հուլիս, 2013

Ես վաղուց մտքեր ունեի տրանսպորտի հետ կապված: Ու ոչ միայն: Վաղուց գրել էի, էս վերջերս էլ մի քիչ ավելացրի: Համակարգը բարելավելու համար որոշ քայլեր: Եթե որևէ մեկը համալրի խելամիտ մտքերով, ապա ավելի լավ:

1. Երևանը բաժանվում է տրանսպորտային 7-10 շրջանի: Յուրաքանչյուր շրջանի սահմանում գործում է մի սակագին: Մեկ շրջանից մյուս շրջան երթևեկելիս գործում է այլ սակագին՝ դեպի հարևան շրջաններ` ցածր, դեպի հեռավոր՝ մի քիչ ավելի բարձր սակագին (ենթակա է տնտեսագետների լուրջ ու իրական հաշվարկի):
2. Բոլոր ավտոբուսները համալրվում են էլեկտրոնային տոմսերի հսկման համակարգով: Տոմսը իրենից ներկայացնում է իրար կպած մագնիսային գծիկով փոքրիկ տոմսերի թղթյա ժապավեն, որից ամեն մեկը նախատեսված է մի շրջանում երթևեկելու համար:
3. Բոլոր կանգառներում տեղադրվում են նորմալ դիզայնով կրպակներ, որտեղ վաճառվում են տոմսեր, կա փակցված շրջանների քարտեզ և այլ օգտակար տեղեկատվություն (և ոչ մի գովազդ), իսկ աշխատակիցները հագնված են գեղեցիկ ու կոկիկ: 
4. Մշտապես նույն ուղղությամբ երթևեկողների համար մշակել միամսյա երթևեկման համար նախատեսված տոմսեր (ուսանողների, թոշակառուների հմար և այլն):
5. Քաղաքային տրանսպորտին արգելել երթևեկել ճանապարհի 3-րդ կամ 4-րդ գծով` վերջիններիս առկայության դեպքում:
6. Քաղաքային տրանսպորտի վարորդներին արգելել դռները բացել ասֆալտի վրայի նշագծերից և արգելաբախների սահմաններից դուրս: Ամեն մոտեցող ավտոբուս կանգնում, սպասում է իր հերթին և կանգառի սահմաններում հայտնվելուց հետո նոր բացում է դռները:
7. Կանգառներում «ԿԱՆԳԱՌ» ցուցանակը տեղափոխել կանգառի սկզբնամասից վերջնամասը, քանի որ այն հանդիսանում է վարորդի համար կանգնելու ուղենիշ: Նույնը վերաբերում է էլեկտրոնային ցուցանակներին, քանի որ այն ուղենիշ է կանգառում սպասող ուղևորների համար: Կանգառներում տեղադրված հայտարարությունների ցուցանակները տեղափոխել կանգառի վերջնամաս` ուղևորներին տեսադաշտ ապահովելու համար: Նույնը անել ցանկացած` տեսադաշտը սահմանափակող օբյեկտի պարագայում:
8. Կանգառները համալրվում են տեսախցիկներով` խախտումները արձանագրելու նպատակով:
9. Կանգառներից ներքև ստեղծել տաքսիների համար նախատեսված կայաններ: Արգելել տաքսիների մուտքը տրանսպորտի կանգառ: Բոլոր տաքսիների համար մշակել միաձև նշաններ, օրինակ՝ առջևի դռների վրա կոնտրաստ գույնով անկյունագիծ:
10. Տրանսպորտի վարորդներին բերել նորմալ տեսքի՝ արգելել սպորտային և տնական հագուստ, տրամադրել նրանց աշխատանքային համազգեստ՝ վերնաշապիկ, փողկապ և այլն: Արգելել սրահներում որևէ երաժշտություն: Արգելել ծխելը:
11. Անհապաղ հանել բոլոր միկրոավտոբուսները երթուղիներից:
12. Բոլոր խախտումների համար նախատեսել խիստ ֆինանսական պատժամիջոց:

Որպես հաջող իրականացրած նախագիծ ուսումնասիրել Նիդերլանդների ադմինիստրատիվ մայրաքաղաք Հաագայի հասարակական տրանսպորտային համակարգը: Ռուսաստանի տրանսպորտային համակարգը ուսումնասիրության դաշտից հանել` որպես չհաջողված, ծախսատար և տրանսպորտային լուրջ խնդիրներ առաջացնող համակարգ: