«Կառավարությունը խոսում է «գիտակցված» լոքդաունի մասին առանց հասկանալու, որ այն ենթադրում է ծախսեր, որոնց կատարումը հենց իր պարտականությունն է, այլ ոչ թե քաղաքացիների». Անի Հովհաննիսյան


01:29 , 29 հունիս, 2020

Արտակարգ դրություն մտցնելու պահից, երբ արգելվեց մի շարք բիզնես կազմակերպությունների գործունեությունը, արդեն իսկ պարզ էր, որ դա բացասական հետևանքներ է ունենալու ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Սակայն հետևանքները հնարավոր էր մեղմել, եթե կառավարության կողմից մշակվեին արդյունավետ միջոցառումներ և երկարաժամկետ նշանակության ծրագրեր:

Արսեն Թորոսյանի կողմից այդքան սիրելի ԱՀԿ-ն բազմիցս նշել է, որ շատ կարևոր է, որ կառավարությունները կարողանան կարանտին կազմակերպել այնպես, որ բնակչության սոցիալապես անապահով խավն ապահովված լինի անհրաժեշտ ամեն ինչով: Նշեմ նաև, որ ՀՀ-ին օգնություն է տրամադրվել տարբեր երկրների, միջազգային կառույցների կողմից, ինչպես նաև բացվել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գանձապետական հաշիվ, սակայն մինչ օրս չի ներկայացվել հաշվետվություն առ մասին, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել վերոնշյալ գումարները:

Հիմա հասկանանք, թե ինչու որևէ արդյունք չտվեց արտակարգ դրության առաջին ամսում նախատեսված խիստ կարանտինը։ Կնշեմ բազմաթիվ պատճառներից մի քանիսը։

Նախ՝ ամենակարևորն, արդյունք չտվեց, որովհետև այն կրում էր բացարձակ ձևական բնույթ ի սկզբանե։

Կառավարությունը պարտադրեց տանը մնալ ամբողջ հասարակությանն առանց տեղյակ լինելու, թե հասարակությունը սոցիալական ինչ խմբերից է բաղկացած: Մերժելով իրականությունը՝ կառավարությունը փաստացի ստեղծեց մի վիճակ, երբ մարդիկ, ովքեր չունեին պահուստներ և ամեն օրվա գումարն աշխատում էին օրավարձով աշխատելով (ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ Հայաստանում չկան օրավարձով աշխատողներ), դուրս մնացին կառավարության ուշադրությունից: Այս մարդկանց խումբը բավականին մեծ է, սակայն կառավարության կողմից կիսատ-պռակ մշակված որևէ ծրագրերում այս մարդիկ փաստացի ներառված չէին, նույնիսկ, եթե ինչ-որ ծրագրին համապատասխանում էին, տրամադրվող գումարով հնարավոր չէր լինի հոգալ անգամ սննդի ծախսերը:

Կառավարությունը չկարողացավ սահմանել հսկողություն նորից մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ այն է, որ կառավարության մակարդակում այդ շրջանում շարունակում էր մնալ անլուրջ վերաբերմունք կորոնավիրուսի նկատմամբ:

Իշխանությունն իր գործելաոճով նպաստել էր հասարակության մոտ թերահավատ վերաբերմունքի ձևավորմանը և կորոնավիրուսն անլուրջ ընկալելուն, ինչի հետևանքով մարդիկ ուղղակի լուրջ չէին վերաբերվում հիվանդությանը:

Չկար մշակված ռազմավարություն, գործողությունների ծրագիր, չնայած դեռևս հունվար ամսից ձևավորված էր համապատասխան հանձնաժողովը:

Փաստացի, մեկ ամիս ձևական կարանտինից հետո կառավարությունը ստեղծեց ավելի շատ խնդիրներ, քան կարող էր լինել, եթե այդ կարանտինը չլիներ՝ սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատթարացում, կորոնավիրուսի ավելի լայն թափով տարածում, բազմաթիվ անարդյունավետ ծախսեր՝ ճգնաժամի հաղթահարման սոցիալ-տնտեսական ոչ արդյունավետ միջոցառումների տեսքով:

Այս ամենն, ըստ կառավարության, չգիտակցված լոքդաունն էր, որից հետո կառավարությունը, փոխանակ պատասխան տա, թե ինչու տնտեսությունը կաթվածահար անելուց հետո չի կարողացել կանխել կորոնավիրուսի տարածումը և կոտրել վարակի շղթաները, խոսում է «գիտակցված» լոքդաունի մասին առանց հասկանալու, որ լոքդաունը ենթադրում է ծախսեր, հսկայական ծախսեր, որոնց կատարումը հենց կառավարության պարտականությունն է, այլ ոչ թե քաղաքացիների: