«ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրք» և «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» օրենքների միջև հստակ հակասություններ կան. Հրաչյա Պետրոսյանց


20:12 , 28 հունիս, 2020

168.am-ը գրում է․

168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն անդրադարձել է բանակի խորքային խնդիրներին:

Նա նախ պատմական էքսկուրս անցկացրեց, թե ինչպես 1990-ականների սկզբին բանակ կազմավորեցինք, երբ մի կողմից՝ շարժվում էինք դեպի անկախություն, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ պատերազմ էր գնում:

«Ստեղծեցինք բանակ՝ խորհրդային բանակի մոդելով, թե ինչու խորհրդային, կարծում եմ, պարզ է բոլորին, և եթե մանրամասնենք, մի բավականին ծավալուն ուսումնասիրություն պիտի կատարենք: Սակայն հարկ եմ համարում նշել, որ ամենասկզբում այն շատ հարցերում բավականին տարբերվում էր խորհրդային բանակի դասական մոդելից: Հետագայում մեր բանակը գնալով ավելի ու ավելի նմանվեց խորհրդային բանակին. ծառայության հետ կապված իրավական և նորմատիվ փաստաթղթերը դարձան խորհրդային փաստաթղթերի տեղայնացված հայերեն թարգմանությունները: Ամենախորքային խնդիրը հենց այստեղ է: Չնայած 1994 թվականին կնքված հրադադարը ժամանակ տվեց վերանայելու բանակին վերաբերող հարցերը, այնուամենայնիվ, որոշվեց ԶՈւ բարեփոխումներն իրականացնել չափազանց դանդաղ և լուրջ նախապատրաստական աշխատանքներից հետո: Իհարկե, այս որոշումն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այն ժամանակ  որևէ մեկը չէր սպասում, որ հրադադարը կտևի այսքան երկար, և ցանկացած պահի մարտական գործողությունների վերսկսման վտանգը ստիպում էր ցուցաբերել այդպիսի զգուշավորություն, ինչը, իմ կարծիքով, շատ ճիշտ մոտեցում էր: Մյուս կողմից՝ այդ ամենի վրա ուղղակիորեն ազդում էր այն, որ հատկապես հրադադարի հաստատումից հետո ՀՀ ԶՈւ-ի կազմը համալրեցին մեծ թվով նախկին Խորհրդային Միության զինված ուժերի սպաներ, որոնց համար ավելի հոգեհարազատ էր խորհրդային բանակի կառուցվածքը, իրավական և նորմատիվային փաստաթղթերը»,- մանրամասնեց ռազմագետը՝ միաժամանակ  հավելելով, որ անկախ Հայաստանի բանակն ամբողջությամբ խորհրդային բանակի պատճենը չի կարելի համարել, հատկապես, երբ որ տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն, այլ հարց է, որ այդ փոփոխություններից որևէ մեկը հիմնային չէ, և ընդհանուր իրականության մեջ հնարավոր է՝ դրանք նույնիսկ չերևան:

«Օրինակ՝ իրավական տեսանկյունից ծառայությունը կարգավորող փաստաթղթերից որոշները փոփոխություններ են կրել. «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրքը» 2012 թվականին հիմնովին փոփոխվել է, 2018 թվականից ուժի մեջ է մտել ՀՀ օրենքը «Զինծառայողի կարգավիճակի և զինվորական ծառայության մասին», որը փոխարինեց մի քանի օրենքների: Սակայն այդ օրենքների փոփոխությունները մեծ ազդեցություն չունեցան բանակի մոդելի վրա: Այս առումով կարևորագույն իրավական փաստաթուղթը  «ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրքն  է», այն  հիմնականում հանդիսանում է խորհրդային բանակի ներքին ծառայության կանոնագրքի թարգմանությունը: Սա կարևորագույն իրավական փաստաթուղթ է, որը կարգավորում է ԶՈՒ կառավարման հարցերը: Որպեսզի հասկանանք, թե ինչ խորքային խնդիրներ են առաջանում իրավական տեսանկյունից, մի փոքրիկ օրինակ դիտարկենք. «ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրք» օրենքի 2-րդ գլխի 31-րդ հոդվածում նշվում է, որ հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն»։

Թե այնուհետ հրաման չկատարելու վերաբերյալ ինչ է գրված կամ ինչ պարզաբանումներ են տրվում, ամբողջությամբ մղվում են երկրորդ պլան, որովհետև օրենքը հստակ սահմանում է, որ հրաման չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն: Այստեղ հետաքրքիր է, որ 2012-ին ընդունված «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագրքի» հատուկ մասում կա 31-րդ հոդված, որի 1-ին կետում ասվում է, որ «հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն»։

Իրականում տեսնում ենք, որ կա հստակ հակասություն երկու օրենքների մեջ, քանի որ առաջինում սահմանում է, որ հրամանի  չկատարումը հանդիսանում է զինվորական հանցագործություն, իսկ երկրորդ օրենքը սահմանում է, որ հրաման չկատարելն առաջացնում է ընդամենը կարգապահական պատասխանատվություն:

Հարցի լուծումը կարելի է գտնել ՀՀ Քր. Օրենսգրքում,  որի 356-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, թե «պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին…»։

Սա ընդամենը մի փոքր օրինակ է այն բանի, որ խորհրդային իրավական փաստաթղթերի ուղղակի թարգմանության արդյունքում մենք ունենք էական հակասություններ այլ  իրավական փաստաթղթերի հետ»,- մանրամասնեց պահեստազորի փոխգնդապետը:

Ինչ վերաբերում է նորմատիվ փաստաթղթերին, ապա, ըստ Պետրոսյանցի, Խորհրդային ԶՈւ-ում կային որոշակի նորմատիվներ, որոնք սահմանվում էին ներգերատեսչական ակտերով: Նույնը նաև ՀՀ ԶՈւ-ում է: Բերենք մեկ նորմացույցային օրինակ. տագնապի ժամանակ տրվում է հստակ ժամանակ, թե յուրաքանչյուր զինծառայող ինչքան ժամանակում պետք է ներկայանա զորամաս: Այդ նորմացույցային ժամկետները մշակվել են խորհրդային բանակում և նույնությամբ կիրառվում են մեր մոտ: Մինչդեռ,  ռազմագետի խոսքով, կարծես մոռացության է մատնվել այն հանգամանքը, որ տվյալ ժամանակը խորհրդային բանակի զինծառայողին տրվում էր՝ հաշվի առնելով այն, որ զորամասից դուրս բնակվող զինծառայողները բնակվում են զորամասին կից զինվորական ավանում:

«Իսկ մենք լավ գիտենք, որ մեր զորամասերին կից զինվորական ավաններ մեծամասամբ գոյություն չունեն, այսինքն՝ զինծառայողները բնակվում են այնտեղ, որտեղ իրենք կարողացել են բնակվելու հարց լուծել:  Այստեղից էլ հարց է ծագում՝  ինչո՞ւ են զորամաս ներկայանալու ժամկետները նույնը մնացել: Նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան, որոնք խոսում են այն լուրջ, խորքային խնդիրների մասին, որոնք կարծես թե անտեսված են»,- եզրափակեց մեր զրուցակիցը: