Բարեգործը, ով ոգեշնչել է Բիլ Գեյթսին և Ուորեն Բաֆեթին, ցանկանում է 7.5 միլիարդ դոլար ներդնել բարեգործության նպատակով


12:47 , 23 հուլիս, 2013

Chuck

Իռլանդական և ամերիկական արմատներ ունեցող միլիարդատեր Չակ Ֆինին, ով 15 տարի շարունակ գաղտնի էր պահում իր բարեգործական ներդրումները, նախատեսել է 7.5 միլիարդ դոլար տրամադրել բարեգործությանը մինչև իր մահը:

Չակ Ֆինին 82 տարեկան է, նա կրում է «Casino» ապրանքանիշի 15 դոլար արժողությամբ ժամացույց, չունի մեքենա, ճոխ հագուստ չի կրում և իր երեխանեին սովորեցնում է իրենց քրտինքով հասնել հաջողությունների: Նա իր կարողության 99 տոկոսը բարեգործական նպատակներով տրամադրել է առողջապահության, կրթության, գիտության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության զարգացման համար նախատեսված ձեռնարկումներին` ամբողջ աշխարհով մեկ` իր Ատլանտիկ բարեգործական հիմնադրամի միջոցով:

Ֆինին, ով բանկային հաշվեհամարին դեռ 2 միլիոն դոլար գումար ունի, իր կարողությունը սկսել է կուտակել դյութի ֆրի` անմաքս առևտրով զբաղվելով և սկսել է արդեն 80-ականներին ծախսել իր գումարները բարեգործության վրա:

Mr Feeney

Նրա առատաձեռնությունը բոլորի համար անհայտ էր մնում մինչև 1997թ.-ը,  քանի որ նա չէր ցանկանում ուշադրության կենտրոնում լինել: Ֆինիի բարեգործությունները ոգեշնչել են Բիլ և Մելինդա Գեյթսերին ինչպես նաև Ուորեն Բաֆեթին իրենց բարեգործական հիմնադրամները հիմնելու համար:
Անցած տարի «Forbes»-ին տված իր հարցազրույցի ժամանակ Ֆինին ասել է. «Մարդիկ, ովքեր հարուստ են, պարտավորություն ունեն: Ես իրավունք չունեմ ասելու նրանց, թե ինչպես ծախսեն իրենց գումարները, սակայն կարող եմ խորհուրդ տալ, որպեսզի իմաստուն վարվեն իրենց գումարների հետ»: Իսկ «Financial Times»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, թե նա համոզվել է, որ բարեգործության համար ծախսվող գումարներն ավելի շատ բավարարվածության զգացում են առաջացնում, երբ տեսնում ես, թե ինչպես է ինչ-որ հիվանդանոց կամ համալսարան կառուցվել այդ գումարներով:
Ֆինին ծառայել է ԱՄՆ օդուժում` որպես ռադիոօպերատոր, այնուհետև կրթաթոշակ է ստացել և սովորել Կորնելի համալսարանում:
Նա բավականին մեծ գումարներ է տրամադրել տարբեր համալսարանների: Միայն 1 միլիարդ դոլար տրամադրվել է Իռլանդիայում կրթության զարգացման համար:
Նա գումար է ներդրել Հարավային Աֆրիկայում խաղաղության զարգացման գործի մեջ: Ֆինին հավանություն չէր տալիս ԱՄՆ-ի` Վիետնամում կատարած ռազմական գործողություններին, և այդ երկրին 350 միլիոն դոլար է փոխանցել առողջապահության և բարձրագույն կրթության զարգացման համար: Քաղցկեղով հիվանդների բուժման նպատակով նա ներդրել է 370 միլիոն դոլար և այսպես շարունակ:
Ֆինին ուզում է մինչև իր վերջին շունչը իր ամբողջ կարողությունը նվիրաբերել բարեգործական տարբեր ծրագրերի` չթողնելով բանկի իր հաշվեհամարին և ոչ մի սենթ: