Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհը մարվել է. Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մոտ 120 փրկարար ծառայող. ԱԻՆ


00:39 , 27 հունիս, 2020

Հունիսի 26-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարարական ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ էր բռնկվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում։ Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում էր կրակի դեմ։