20 տարի առաջ այս օրն ազատագրվեց Աղդամը՝ Ակնան


11:21 , 23 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

20 տարի առաջ այս օրը ազատագրվեց Աղդամ քաղաքը` Ակնան: Աղդամի ազատագրումը Շուշիի ազատագրումից հետո արդարացիորեն համարվում է Արցախյան ազատամարտի կարևորագույն օպերացիաներից մեկը, եթե՝ ոչ կարևորագույնը:

Բանն այն է, որ Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի ու Ասկերանի վրա «Գրադի» հարվածները շարունակվում էին հենց Աղդամից: Բացի այդ քաղաքը հզոր ռազմական կենտրոն էր, որում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էր պահվում:

Շատերն են նշում, որ Աղդամի ազատագրումով հակառակորդի մեջքը վերջնականապես կոտրվեց:

Քաղաքի ազատագրմանը մասնակցում էին պաշտպանական բոլոր շրջանները: Սրանով ևս մեկ անգամ ընդգծվում է օպերացիայի կարևորությունը:

Հունիսից բոլոր կողմերից Աղդամը վերցված էր օղակի մեջ ու փորձ էր արվում լռեցնել հակառակորդին: Ազատագրման բուն գործողությունը սկսվեց հուլիսի 4-ին: Հուլիսի 23-ին մեր տղաները մտան Աղդամ:

Ասում են՝ հակառակորդը գիտակցելով, որ հանձնում է քաղաքը, վերջին շնչով քանդել է քաղաքում այն ամենն, ինչ հասցրել է՝ ջրատար խողովակներ, տներ, կտրել է ծառերը: Ադրբեջանցիները քանդել են անգամ իրենց իսկ հայրենակիցների ձեռքով կառուցվածը…

Այսօր, ցավոք, Աղդամը բնակեցված չէ: Նախկին 40 հազարի փոխարեն քաղաքում բնակվում է 300-400 մարդ, այն էլ՝ գյուղատնտեսական նպատակներով:

Աղդամի հողը բերրի է: Մարդիկ ավերակների մոտ գյուղատնտեսական ֆերմաներ են հիմնում ու բնակության տեղափոխվում այդտեղ: