Մարուքյանը պաշտպանում է պետությունը պետությունի՞ց


10:58 , 26 հունիս, 2020

Մի կողմ թողնելով քաղաքական կոմպոնենտը՝ անդրադառնամ Մարուքյանի մի քանի պնդումներին։

Ինչպես գիտենք, Մարուքյանը նշել էր, որ ուշ ՍԴ դիմելու պատճառը Քոչարյանի գործին չմիջամտելն է։ Նշվել է նաև, որ նշված նիստից հետո պատրաստվում են դիմել ՍԴ։

Որոշ ժամանակ անց Քոչարյանի փաստաբանները ետ են վերցնում իրենց դիմումը ՍԴ-ից։ Արդյունքում,ՍԴ-ն պետք է քննի միայն դատարանի դիմումի հիման վրա համապատասխան նորմի սահմանադրականության վերաբերյալ գործը։

ՍԴ օրենքի համաձայն՝ դիմումատուն իրավունք ունի ետ վերցնելու իր դիմումը ՍԴ-ից մինչ դատաքննությունը...

Փաստորեն, պետությունը՝ ի դեմս դատարանի, ավելին՝ ի դեմս հեղինակավոր, վստահելի, իշխանության սիրելի դատավոր Աննա Դանիբեկյանի, ունի համապատասխան գործիքակազմ Մարուքյանի գնահատմամբ որոշակի «ռիսկերի» առկայության դեպքում դիմել Սահմանադրական դատարան՝ դիմումը ետ վերցնելու համար և զրկել ՍԴ-ին նշված գործը քննելու իրավունքից։

Այդ դեպքում հարց է առաջանում․ ո՞ւմ համար է մտահոգված Մարուքյանը, ո՞ւմ է պաշտպանում՝ պետությանը պետությունի՞ց, Փաշինյանին Դանիբեկյանի՞ց, թե՞ Փաշինյանին Փաշինյանից։ Արհեստական է հնչում։

Չանդրադառնալով ավելի ուշ ՍԴ դիմելու իմաստազրկմանը, որի մասին բազմիցս է խոսվել, անդրադառնամ այսօր արված մեկ այլ տարբերվող պատճառաբանության, այն է՝ կդիմեն ՍԴ, եթե գործը կասեցվի։

Կասեցումն այս դեպքում հետևանքների առումով չի տարբերվում դատաքննության օրը երկար ժամկետով հետաձգելուց։ Օրինակ՝ գործը կարող է կասեցվել հիմա, վերսկսվել երեք ամսից, կամ էլ կարող է դատաքննությունը հետաձգվել երեք ամսով։

Այդ դեպքում, ինչո՞ւ է պարոն Մարուքյանը մեջբերում կասեցման պատճառաբանությունը, այլ ոչ հետաձգման, կամ ինչո՞ւ, օրինակ, չեն առաջարկում ԱԺ ներկայացուցչին՝ որպես կողմ, ներկայացնել հետաձգման միջնորդություն։ Հնարավո՞ր է, որ պատճառն այն է, որ, ի տարբերություն հետաձգման օրենսդրական հիմքերի առկայության, կասեցման հիմք օրենքով ամրագրված չէ այս դեպքի համար։ Կարճ ասած՝ չկա պայմանի կատարման հնարավորություն, չկա խոստումը պահելու անհրաժեշտություն, այն է՝ դիմել ՍԴ։