21:00 , 25 հունիս, 2020Մաթեմատիկոսները հաշվարկել են այն չափսերը, որոնք Լեոնարդո դա Վինչին օգտագործել է իր հայտնի «Վիտրուվյան մարդը» նկարում և համեմատել դրանք ԱՄՆ ռազմաօդային ուժերի ծառայողների մարմինների հետ: Ընդհանուր առմամբ չափսերը նույնն են, սակայն XXI դարի մարդկանց ձեռքերն ու ոտքերը ավելի երկար են, քան «Վիտրուվյան մարդունը»: Արդյունքում միջին ամերիկյան զինվորին չի հաջողվել ընդգրկվել նկարի ո՛չ շրջանագծում, ո՛չ քառակուսիում:
Անտիկ ճարտարագետ Մարկ Վիտրուվիոս Պոլիոնը ճարտարապետության մասին իր տրակտատի երրորդ գրքում նկարագրել է մարդկային մարմնի իդեալական համամասնությունները: Մարդու հասակը, օրինակ, պետք է լինի այնքան, ինչքան որ տարածվում են նրա երկու ձեռքերը՝ ամեն մեկը մի կողմ, ականջների երկարությունը՝ դեմքի երկարության մեկ երրորդի չափով, իսկ պորտը իդեալական մարմնի կենտրոնը պետք է լինի: 15 հարյուրամյակ անց Լեոնարդո դա Վինչին ինքնուրույն չափել է տղամարդու մարմնի համամասնությունները և պատկերել «Վիտրուվյան մարդուն»:

XXI դարում ամերիկացի գիտնականները որոշել են օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, որպեսզի փորձեն չափել ժամանակակից տղամարդկանց ու կանանց ստանդարտ համամասնությունները և պատկերեն նոր «Վիրտրուվյան մարդու»: Դիանա Թոմասի գլխավորությամբ ԱՄՆ ռազմական ակադեմիայի մաթեմատիկոսների թիմը օգտագործել է ռազմաօդային ուժերի ծառայողների 3D սկանավորման տվյալները: Ուսումնասիրությանը մասնակցել է 63,623 տղամարդ և 1,358 կին: Գիտնականները մարդկանցից վերցրել են յոթ չափում, որոնք օգտագործել է հենց դա Վինչին՝ գլխի բարձրությունը, պարզած ձեռքերի հեռավորությունը, աճուկի բարձրությունը, ուսերի լայնությունը, կրծքից մինչև գլխի պսակի հեռավորությունը, ծնկի բարձրությունը և կոնքերի երկարությունը:
Ժամանակակից տղամարդկանց և կանանց մեծ մասի մարմինների համամասնությունները շեղված են Լեոնարդո դա Վինչիի պատկերածից ոչ ավելի, քան 10%-ով: Այն ժամանակներից ի վեր էականորեն երկարել են մարդկանց ձեռքերը և կոնքերը: Արդյունքում ո՛չ ձեռքերը, ո՛չ ոտքերը չեն տեղավորվում դա Վինչիի պատկերած շրջանագծի և քառակուսու մեջ: Պորտը դադարել է լինել մարդու մարմնի կենտրոնը :
Սակայն ուսումնասիրության հեղինակները նշում են, որ «Վիտրուվյան մարդը» պատկերում է իդեալական, այլ ոչ ստանդարտ համամասնություններ. միգուցե և դա Վինչին օգտագործել է միայն մեկ կամ մի քանի մարդու տվյալներ: