ԲՀԿ-ի հետ քննարկումների մեջ ենք, մի քանի տեսակի դիմումներ կան, որոնք կարող են ներկայացվել. Էդմոն Մարուքյան


15:41 , 23 հունիս, 2020
Քննարկումների մեջ ենք ԲՀԿ-ի հետ, մի քանի տեսակի դիմումներ կան, որոնք կարող են ներկայացվել, երբ որ քննարկումները կավարտվեն, բավարար ինֆորմացիա կտրամադրվի հանրությանը: Այս մասին խորհրդարանում 24news.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների արդեն իսկ ընդունված նախագծին հակազդելու միջոցներին:

«Այս պահին ես որևէ նորություն չունեմ ասելու: ԼՀԿ-ն էլ իր դիտարկումներն ունի, բայց եթե ասենք, դուրս կգա, որ քննարկումները պետք է անենք բաց, երբ կլինի որոշում, կհրապարակենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ նախագիծը մեկ ուժը քննարկեց և ընդունեց, Մարուքյանն ասաց, որ իրենց գնահատականներն արդեն տվել են և՛ հանրաքվեի ժամանակ, և՛ երեկ բրիֆինգին էլ ասել են, որ մի քանի ժամվա մեջ երկրում մայր օրենք է փոխվում, ուրեմն դա արվում է բոլոր տեսակի միջազգային նորմերի, նաև մեր Սահմանադրության խախտումով: Նա նշեց, որ այս առումով նոր ասելիք չունի, ամեն ինչ ասված է:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատգամավորների ստորագրահավաք է սկսել ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցը ՍԴ-ում քննարկելու համար։