«Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի ցուցումներով». Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար


15:33 , 22 հունիս, 2020

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, որ հունիսի 19-ին ընդունված և հունիսի 22-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կիզակետում հայտնված խնդիրների լուծումը: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից:

Իր տեսակետում «Իրավունքի միջոցով դեպի ժողովրդավարություն» եվրոպական հանձնաժողովը (նույն Վենետիկի հանձնաժողովն է) հստակեցրել է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը սահմանադրական փոփոխությունների անցկացման գործում և ընդունել է Ազգային ժողովի` հանրաքվե անցկացնելու մասին սեփական որոշումը չեղարկելու իրավունքը: Ավելին՝ այն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի կազմին վերաբերող 2015-ի Սահմանադրության դրույթների լիարժեք կատարման նպատակն օրինական է: Որպեսզի համաձայնեցվի այդ նպատակը` հաշվի առնելով նաև դատավորների անկախության և պաշտոնավարման երաշխիքի պահպանման անհրաժեշտությունը, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է նոր անցումային շրջանի անցնել, որի տևողությունը պետք է որոշեն ՀՀ իշխանությունները: Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ իրենց կարծիքի հրապարակման օրն Ազգային ժողով են մտցվել նման անցումային շրջան չենթադրող փոփոխություններ։

«Ես իշխանություններին կոչ եմ անում առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի կարգադրություններով՝ սահմանադրական ճգնաժամը 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն կատարմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշների համապատասխան հաղթահարելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը: