Մայրաքաղաքի քարե վկաները - Հովհաննես Թումանյան


19:29 , 22 հուլիս, 2013

 

Բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ:
Ծնվել է Լոռու Դսեղ գյուղում` քահանա տեր Թադևոսի գերդաստանում: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Առաջին բանաստեղծությունը գրել է 8 տարեկան հասակում: 1890 և 1892 թվականներին Մոսկվայում լույս են տեսել նրա առաջին ժողովածուները: Նրա գրչին են պատկանում «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Մարոն», «Հառաչանք», «Սասունցի Դավիթ», «Փարվանա», «Թմկաբերդի առումը» պոեմները, հայ արձակի գլուխգործոց «Գիքորը» պատմվածքը: Մշակել է ավելի քան երկու տասնյակ հայկական ժողովրդական հեքիաթներ` «Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Քաջ Նազար» և այլն: Նրա «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Անբախտ վաճառականները» դարձել են ամեն մի հայի համար առօրյա խոսակցություններում մեջբերումների աղբյուր:
Առանձին արժեք են ներկայացնում Հ. Թումանյանի խոհափլիսոփայական քառյակները. 
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին,
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին,
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
                                                                                      Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ, 8 հուլիսի 1922թ.
«Թումանյանը մեր ազգային մեծ բանաստեղծն է, և նրա ամեն մի խոսքը մեզ համար սրբություն է... Ժողովրդական ակունքներից է սնվել նրա բյուրեղային վճիտ քերթությունը: Եվ ինչպես գետն է իր մեջ ներառում լեռնային աղբյուրների ջրերն ու վտակները, այնպես էլ Թումանյանի ստեղծագործությունն իր մեջ է առել հայ ժողովրդի իմաստնությունը, հույսերն ու երազանքները, նրա դրամատիկ ցնցումներով լի պատմությունն ու երջանկության ձգտումը»:
Մ. Սարյան
1939թ. Հ.Թումանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում որոշվեց կանգնեցնել նաև մեծ բանաստեղցի արձանը: Սկզբում նախատեսված էր այն կառուցել բուհական թաղամասում:
1939թ. օգոստոսի 9-ին Երևանում` Կոմունալ թանգարանում, կայացավ Հ. Թումանյանի արձանի համար մրցույթին ներկայացված աշխատանքների ցուցահանդես: ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներից ներկայացրած էր 16 աշխատանք, որից հինգի հեղինակները հայաստանցի էին: Տրվելու էր հինգ մրցանակ. 1-ին` 10000 ռուբլի, 2-րդ` 8000 ռուբլի, 3-րդ` 6000 ռուբլի, 4-րդ 5000ռուբլի, 5-րդ` 3000 ռռւբլի: Հատուկ ժուրիի նախագահն էր ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ` Լ.Հովսեփյանը: Արա Սարգսյանի էսքիզները արժանացան երրորդ և չորրորդ մրցանակների: Պատերազմից հետո հանձնաժողովը հուշարձանի իրականացումը հանձնարարեց նրան: 1957թ. նոյեմբերի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հ. Թումանյանի և Ա. Սպենդիարյանի արձանների բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա էին հանրապետության և Երևան քաղաքի ղեկավար դեմքերը` Ս. Թովմասյանը (ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար), Ա. Քոչինյանը (Մինիստրների խորհրդի նախագահ), Հ. Մարգարյանը, Բ. Սարկիսովը: Արարողությունը ներածական խոսքով բացեց Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Գ. Փահլևանյանը, ապա Խորհրդային Միության պետական օրհներգի հնչյունների ներքո իջեցրեց Հ. Թումանյանի և Ա. Սպենդիարյանի արձանների ծածկոցները: Այնուհետև` շնորհավորանքի խոսք ասացին ՀԽՍՀ կուլտուրայի մինիստր Ա. Շահինյանը, բանաստեղծ Գ. Սարյանը, Վ. Վարդանյանը (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր): 
Արձանի նյութը` բրոնզ, Բջնիի բաց վարդագույն գրանիտ, բարձրությունը պատվանդանով` 8,5 մ, քանդակագործ` Արա Սարգսյան (տես` ՙՍահակ Պարթև-Մեսրոպ Մաշտոց՚ արձանը), ճարտարապետ` Գրիգոր Աղաբաբյան։