Իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե իբր մարդիկ չեն հավատում կորոնավիրուսի գոյությանը


20:16 , 20 հունիս, 2020

Իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե իբր մարդիկ չեն հավատում կորոնավիրուսի գոյությանը, կան մարդիկ, ովքեր ապատեղեկատվություն են տարածում, ինչի հետևանքով մարդիկ անլուրջ են վերաբերվում և այլն։

Զուտ արձանագրենք, որ ի սկզբանե կորոնավիրուսի գոյությանը չի հավատացել հենց իշխանությունը և հենց իշխանությունն է ապատեղեկատվություն տարածել ու տարածում, արել այնպիսի քայլեր, որոնք մարդկանց մոտ թերահավատություն են առաջացրել և անլուրջ վերաբերմունք կորոնավիրուսի նկատմամբ․

Մարտի սկզբին Նիկոլ Փաշինյանը խոսում էր պինցետով կորոնավիրուսը հանելու և ախտահանելու մասին, ապա վերջինս ամբողջ հանրապետությունով մեկ քարոզարշավ էր իրականացնում՝ մինչև մարտի 12-ը ներառյալ, որից հետո Արսեն Թորոսյանն էր ասուլիսների ժամանակ սպառնում լրագրողներին վարակել կորոնավիրուսով, ապա ասում, թե այն շատ վտանգավոր վիրուս չէ և հատուկ միջոցառումների կարիք չկա։

Կարող եմ շատ երկար շարունակել իշխանության մանկամիտ ու անլուրջ վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ, ինչի պատճառով էլ հասարակության զգոնությունը թուլացվեց, իսկ այսօր փորձում են իրենց իսկ թույլ տված լրջագույն սխալները փաթաթել մարդկանց վրա, չի ստացվելու, ամեն ինչ ֆիքսված է, ամեն ինչ հիշում ենք։