Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի կնոջ պնդմամբ՝ պետության տված 30 մլն դրամից սկեսրայրը գումար չի հատկացրել թոռներին․ Սարգիս Քլոյանն էլ նշում է, որ գումարը բանկում է՝ մինչև թոռների չափահաս դառնալը


22:18 , 19 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Կառավարության 2019թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ 30 միլիոն դրամ էր տրամադրվել 2008թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված անձանց իրավահաջորդներին։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը Կառավարությունից ստացած 30 մլն դրամից գումար չի տրամադրել Գոռ Քլոյանի կնոջը և 2 երեխային։

Տեղեկությունը ճշտելու համար Tert.am-ը զրուցել է երկու կողմերի՝ Սարգիս Քլոյանի և Ռուզաննա Հունանյանի՝ Գոռ Քլոյանի կնոջ հետ։

Սարգիս Քլոյանի հայտնեց, որ իր թոռների բաժին գումարը՝ որպես ավանդ, դրված է բանկում․ «Թոռնիկներիցս մեկը 16 տարեկան է, մյուսը՝ 12, նրանք անչափահաս են։ Ես այդ գումարը գցել եմ բանկ։ Երբ իմ թոռնիկները կմեծանան, կդառնան չափահաս, այդ գումարի տերն իրենք են»,- նշեց նա։

Սարգիս Քլոյանի խոսքով՝ Կառավարության տրամադրած գումարը բաժանվում է 5 մասի, որից 12 մլն դրամը բաժին է ընկնում Գոռ Քլոյանի ծնողներին, 18 մլն դրամը՝ կնոջը և երեխաներին։

«18 մլն դրամը հարսիս և 2 թոռներիս գումարն է։ Ես այդ 18 մլն դրամը դրել եմ բանկում։ Մնացած 12 մլն դրամից մոտ 4 մլն դրամով վերանորոգել եմ տունը, որպեսզի իմ թոռները, երբ գան Հայաստան, տեսնեն իրենց հայրական տունը շատ լավ վիճակում է։ Ասեմ ավելին, իմ 3 սենյականոց բնակարանը ամբողջովին վերանորոգել եմ, սարքել եմ նրանց համար և ժառանգել եմ իմ թոռնիկների ու իմ հարսի անունով, որպեսզի մեր մահից հետո նրանց դեմ կանաչ ճանապարհ լինի, խոչընդոտներ չլինեն»,- հայտնեց Սարգիս Քլոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ