ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ բյուրոյի ուղերձը դժվար է աննախադեպ անվանել


15:58 , 19 հունիս, 2020

ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ բյուրոն ուղերձ է հղել Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսով անցկացված գագաթաժողովին ընդառաջ:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ հայկական պատվիրակությանը հաջողվել է «բյուրոյի նիստին ներկայացված հայտարարության նախնական տեքստից դուրս բերել ոչ միայն Հայաստանի և Արցախի շահերին մեծապես վնասող ձևակերպումները, այլև կանխել ադրբեջանական պատվիրակության՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միակողմանի ձևակերպումներ ներառելու փորձերը»: Բացի այդ, նա որպես ձեռքբերում նշում է, որ փաստաթղթի առաջին դրույթում այլ սկզբունքների թվում նշվում է ինքնորոշման իրավունքը, և ավելացնում. «Նման ձևաչափում սա աննախադեպ հանձնառություն է՝ հաշվի առնելով, որ այն ստանձնել են ոչ միայն եվրոպական, այլև Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը»:

Իսկ ինչ ունենք իրականում․

❗️ Սա աննախադեպ չէ այնքանով, որ նախորդ ԱլԳ գագաթաժողովից առաջ՝ 2017թ․-ին, բյուրոյի ուղերձում նշվում էր, որ բյուրոն «լիակատար աջակցություն է հայտնում ՄԽ համանախագահների ջանքերին, այդ թվում՝ նախագահների մակարդակով՝ հենվող 2009թ. ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների վրա և համահունչ Հելսինկյան եզրափակիչ ակտին»:

Հիշեցնեմ՝ 2009-ի սկզբունքները՝ Լ՛Ակվիլլա, Մուսկոկա, նախաբանում ունեն երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Եվ Հելսինկյան ակտն էլ այս նույն երեք սկզբունքների մասին է: Այլ կերպ ասած՝ 2017-ի հայտարարությամբ էլ Ադրբեջանը ինքնորոշման իրավունքին հավատարմություն հայտնել է:

❗️ Այս ուղերձի առաջին դրույթում ինքնորոշման իրավունքը նշվում է տարածքային ամբողջականության հետ միասին՝ territorial integrity and self-determination: Սակայն խոսք անգամ չկա ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման մասին, մինչդեռ, ելնելով այսօր Ադրբեջանի պահվածքից և հռետորաբանությունից, այս սկզբունքն այժմ հատուկ կարևորություն ունի:

Ի դեպ, 2017-ի ուղերձում շեշտվում էր, որ Արցախյան հակամարտությունը չունի ռազմական լուծում:

❗️ Այս տարվա փաստաթղթում չկա ընդհանրապես անդրադարձ Արցախյան հակամարտությանը, մինչդեռ 2017-ի փաստաթղթում այն կար և բավական չեզոք ձևակերպումով: Այդ ձևակերպմամբ ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ն նաև աջակցություն էր հայտնում ՄԽ համանախագահության ջանքերին, այժմ չկա նաև դա, հետևաբար Ադրբեջանի ձեռքերն ավելի ազատ են իր ուզածն առաջ տանելու հարցում:

Ուստի ևս մեկ անգամ պիտի փաստենք, որ եվրոպական հարթակներում մենք ունենք բավական լուրջ խնդիրներ և թույլ դիրքեր: Ստացվում է, որ մենք պայքարում ենք ոչ թե ինչ-որ բան առաջ տանելու, այլ Ադրբեջանի առաջ տարածը հանելու համար: