ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա, բայց շարքային բնակիչների համար չի փոխվի


15:06 , 19 հունիս, 2020

Հուլսիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա: Նման որոշում կայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում, որտեղ քննարկվում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացրած հայցը:

ՀՀ անապահով խավին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը ՀԾԿՀ որոշմամբ 212 դոլարից կդառնա 224 դոլար։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր այս խմբի համար գազի սակագինը դարձնել 283․1 դոլար։

Ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ 1000 խ/մ-ի համար։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր սակագինը դարձնել 135 909 հազար դրամ։ Իսկ ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար հուլիսի 19-ից կսահմանվի 255 դոլար՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտով 10 000 խմ-ից ավելի սպառողների համար ևս առաջարկվում էր 283․14 դոլար։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար/հազ. խմ։ ՀԾԿՀ այսօրվա որոշման համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կկազմի 266․71 դոլար/հազ. խմ։ Նշենք, որ գործող սակագների հաշվարկի համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կազմում է 255,06 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 122428,3 դրամ/հազ. խմ։

Արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կկազմի 4․5 %, ոչ թե 11%, ինչպես առաջարկում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։