Արցախն ու ՀՀ-ն լիովին կիսում են խաղաղության հասնելու եւ պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը. Արցախի նախագահ


13:25 , 19 հունիս, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանում մեկնարկել է Արցախի եւ ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաեւ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել ելույթներով:

Ստորեւ ներկայացնում ենք Արայիկ Հարությունյանը խոսքը.

««Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների հարգարժա՛ն անդամներ,

Քանի որ առաջին անգամ եմ մասնակցում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, նախ, կուզեի ողջունել ավանդական դարձած այս ձեւաչափը: Այն կարեւորագույն ձեւաչափ ու հարթակ է մեր միացյալ հայրենիքի ու ընդհանրապես հայ ազգի առջեւ ծառացած անվտանգային հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ մտքերի փոխանակման, մոտեցումների հղկման եւ ջանքերի համատեղման համար: Արդեն նկատելի են այս ձեւաչափով աշխատանքների առաջին ձեռքբերումները, եւ համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այդպիսի ձեռքբերումներն անընդհատ ավելանալու են՝ բարձրացնելով հայրենիքի անվտանգության մակարդակը:

Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, իսկ անորոշությունն ինքնին գլխավոր անվտանգային սպառնալիք է ամենուր: Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի՝ այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաեւ չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում:

Այդ տեսանկյունից կարեւոր եմ համարում ներդաշնակ ու միասնական աշխատանքը բոլոր հնարավոր սուբյեկտների միջեւ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների գերատեսչություններից մինչեւ քաղաքացիներ ու տարբեր բնույթի կազմակերպություններ: Վստահ եմ՝ միայն պետական լիազոր մարմինների արդյունավետ համակարգմամբ ու հասարակության հավաքական ջանքերով մենք կկարողանանք դիմագրավել առկա մարտահրավերները՝ միեւնույն ժամանակ օգտվելով ճգնաժամի ընձեռած հնարավորություններից:

Անշուշտ, կորոնավիրուսի անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարելիս չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի հանդեպ: Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միեւնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի:

Լինելով մեկ միասնական հայրենիքի եւ նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու եւ պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով եւ՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, եւ՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, եւ՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, եւ՛, ինչու չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում:

Անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ եւս ձեռքբերումները նշանակալի են, սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների եւ մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ եւ մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաեւ ենթակառուցվածքները, եւ ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Եթե հակիրճ ձեւակերպելու լինենք, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավելու իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա եւ գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի եւ բազմաժամկետ մարտահրավերները: Այդ պատասխանատու գործառույթը դրված է առաջնահերթորեն անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա, ուստի մենք պարտավոր ենք կիրառել բոլոր արդյունավետ ձեւաչափերն ու մեթոդները մեր համազգային առաքելությունը պատվով կատարելու համար:

Բարի աշխատանքային ընթացք եմ մաղթում մեզ բոլորիս»: