Չինաստանում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն


15:49 , 22 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում, հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության և գիտության փոխնախարար Հաո Փինգի հետ, ով հայտնել է, որ առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն, տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության կայքը:

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հաո Փինգը կարևորել է կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը և ընդլայնումը, մասնագետների, ուսանողների, դասախոսների և գիտնականների միջև փորձի փոխանակումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, որի վառ ապացույցն են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային ծրագրերի թեժ մրցույթները:

Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ