Ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի հայտարարությունը


17:09 , 16 հունիս, 2020

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԲՀԿ տարածքային կառույցների շուրջ ծավալվող իրադարձությունները ցավալի վկայությունն են այն իրողության, որ իշխանությունը, պատրաստ չլինելով և անկարող լինելով բովանդակային երկխոսությամբ հակադարձել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչող հիմնավորված և փաստարկված քննադատություններին, ինչպես նաև սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, վարչախմբի կառավարչական ձախողումները քողարկելու նպատակով պատրաստ է դիմել ցանկացած բնույթի բռնաճնշումների:

Ակներև է, որ ԲՀԿ նախագահի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումն ու նրա անձի վարկաբեկման արշավը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս հանդես եկավ Կառավարության ամբողջական ձախողման և տապալման մասին քաղաքական գնահատականով և կառավարության ամբողջ կազմի հրաժարականի պահանջով։ Դրա վառ վկայությունը ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումներն էին Ազգային ժողովում։

Տարված լինելով ամբողջատիրական նկրտումներով և Նիկոլ Փաշինյանի բացարձակ իշխանությունը հաստատելու մոլուցքով՝ իշխանությունը մերժել է քաղաքական ընդդիմության կողմից մեր պետության և հասարկության առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու ցանկացած նախաձեռնություն։

Բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ դիմագրավող մեր երկրում, բռնաճնշումների, անհանդուրժողականության և ազգային պառակտումի այս մթնոլորտը Հայաստանի պետականության ընթացքը կանգնեցնում է անկանխատեսելի սպառնալիքների և կորուստների վտանգի առջև:

Պահանջում ենք գործող իշխանություններից՝ դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճից և անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաև քաղաքական և հասարակական ուժերին՝ համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ և ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները։

Կուսակցություններ՝

«Հայրենիք»

«Հ.Յ. Դաշնակցություն»

«Մեկ Հայաստան»

Տեղեկացում. հայտարարությունը բաց է այլ ուժերի միացման համար: