22:45 , 16 հունիս, 2020Վայրի հետ, որի մասին կխոսենք, մի շարք առասպելներ ու միֆեր են կապված: Մեր օրերում Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Յորքշիր դքսության Ներսբորո քաղաքի յուրաքանչյուր հյուր կարող է այցելել այս զարմանահրաշ քարանձավը, սակայն միայն խիստ հսկողության ներքո: Իսկ 16-րդ դարի սկզբին այստեղ գալ հաջողվում էր միայն որոշ հաջողակ մարդկանց:
Բանն այն է, որ քարանձավն ունի խորհրդավոր պատմություն: 1488 թ. Ագաթա Սոնդհեյմը, թաքցնելով հղիությունը, քաղաքի բնակիչներից թաքնվել էր այս քարանձավում: Հենց այստեղ էլ ծնել է իր դստերը՝ Ուրսուլային, որը հետագայում դարձել է Անգլիայի ամենահայտնի պայծառատեսներից մեկը:

Ագաթան հրաժարվում էր մարդկանց հայտնել, թե ով է իր երեխայի հայրը: Հենց այդ պատճառով էլ նրան արգելեցին վերադառնալ հայրենի քաղաք, և քարանձավը դարձավ նրա տունը, որտեղ ապրեց երկար տարիներ: Դուստրը մեծացավ և սկսեց զրուցել անցորդների հետ, որոնք էլ իրենց հերթին նկատեցին, որ երեխան կարողանում է կանխագուշակել իրենց ապագան: Մարդիկ սկսեցին հաճախ այցելել մորն ու դստերը, Ուրսուլային սնունդ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ բերել՝ հույս ունենալով, որ վերջինս իրենց կպատմի ապագայի մասին: Աղջնակը ոչ միշտ էր դուրս գալիս. շատ նվերներ այդպես էլ մնում էին քարանձավի շեմին, և երբ մարդիկ կրկին այցելության էին գալիս, տեսնում էին, որ այդ իրերը քարի են վերածվել:
Մարդիկ կարծում էին, որ այդ նվերները աղջկան դուր չեն գալիս, և որ այդ պատճառով է նա դրանք քարի վերածում: Ժամանակի ընթացքում բոլորը սկսեցին Ուրսուլային կախարդ համարել: Բնակիչները վախենում էին, որ կբարկացնեն աղջկան, ով էլ իրենց քարի կվերածի: Սակայն միաժամանակ շատերը շարունակում էին այցելել նրան և հարցեր տալ իրենց ապագայի վերաբերյալ:

Աղջիկը բավականին տգեղ էր, և երբ 24 տարեկան հասակում նրան այցելեց բաձրահասակ, բարեկազմ երիտասարդ տղամարդ, բոլորը կարծեցին, որ աղջիկը կախարդել է տղային: Նրանք ամուսնացան, և Ուրսուլան սկսեց կրել այդ տղամարդու ազգանունը: Այդ օրվանից ի վեր նրան սկսեցին անվանել մայր Շիպթոն:
Այսօր քարանձավը շատ հայտնի է զբոսաշրջիկների ու քաղաքի հյուրերի շրջաններում: Մարդիկ տարբեր առարկաներ են այնտեղ թողնում, որոնք 30-40 օր անց վերածվում են քարի: Սակայն ոչ մի կախարդանքի մասին խոսք գնալ չի կարող, քանի որ իրերը քարանում են նատրիումի կարբոնատի ազդեցության ներքո: Ընդամենը ջրում հանքանյութերի մեծ քանակն է առասպելներ հյուսել: