Գծատերերն ավելացրել են վարորդների «օրվա պլանը». Նրանք եռակի մեծ շահույթ են ստանում


14:09 , 22 հուլիս, 2013

Lragir.am-ը գրում է.

Այսօր` հուլիսի 22-ի առավոտից շարունակվում է «Տրանսպորտային անհնազանդություն» շարժումը` ընդդեմ ուղեվարձի թանկացման: Ակցիայի մասնակիցները երթուղայիններում ու ավտոբուսներում թռուցիկներ են տարածում՝  ուղևորներին բացատրում ու հիմնավորում, թե ինչու պետք է չվճարեն 150 դրամ ուղեվարձը, ապա՝ ցուցադրական 100 դրամ վճարում` կոչ անելով բոլորին հետևել իրենց օրինակին:

Այսպիսի մի խումբ էլ բարձրացավ Նոր Նորքից Մալաթիա-Սեբաստիա ուղեվորվող 40  համարի ավտոբուս: Նրանց` ուղեվորների հետ խոսակցությանը միջամտեց ավտոբուսի վարորդը, ով նույնպես համաձայն չէր թանկացմանը՝   նշելով, իրենց կյանքում դրանից ոչինչ դեպի լավը չի փոխվել:

Վարորդը չցանկացավ խոսել իր աշխատավարձի չափի մասին, բայց ասաց, որ գծատերն ավելացրել է  «օրվա պլանը»: «Ինձանից օրական 41 000 դրամ մենակ պլան են ուզում»,- ասաց վարորդը, որպես իր խոսքերի ապացույց ակտիվիստներին ցույց տալով փաստաթուղթը, որի վրա օրվա ամսաթվի դիմաց ֆիքսված էր հենց վարորդի նշած գումարը: 40 համարի վարորդը նաև նշեց, որ մինչև թանկացումն իրենց պլանը ավելի ցածր էր: «Գիտեք ինձ շատ պե՞տք են էդ 50 դրամները: Թե կարծո՞ւմ եք իմ գրպանն եմ դնում»,- ակտիվիստների հետ իր բանավեճը եզրափակեց վարորդը:

Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները, դիմելով ուղևորներին, մեկ անգամ ևս հորդորեցին չվճարել ավելացված 50 դրամ՝ հավելելով. «տեսա՞ք ինչ ասաց վարորդը. Մեր 50 դրամները օլիգարխ-գծատերերին էլ ավելի հարստացնելու համար են»:

Ի դեպ, նշենք, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման համար քաղաքապետարանի հրապարակած հիմնավորումներում նաև «երթուղու սպասարկման» կետ կա, որտեղ նշված է 16 500 դրամ: Սա, ըստ էության, հենց վարորդի մատնանշած  «օրվա պլանն» է: Ստացվում է, որ երթուղին տնօրինողները իրականում ոչ թե վնասով են աշխատում, այլ 3 անգամ ավել շահույթ են ստանում: