Տարոն Մարգարյանի թշնամիները ոչ թե ընդդիմադիր ակտիվիստներն են, այլ՝ փտած քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները


12:12 , 22 հուլիս, 2013

Տարոն Մարգարյանի վրա տեղեկատվական գրոհը շատ հարմար պահին գնաց, երբ որ երիտասարդ հանրապետականների մեծ մասը գտնվում էր ֆեյսբուքազուրկ Չինաստանում: Փաստորեն, քաղաքապետը մեն-մենակ մնաց մեդիադաշտի շնաձկների դիմաց` շրջապատված լինելով բացի քծնանքից ուրիշ ոչ մի բանի պիտանի վարչության պետերով ու կարիերիստներով:

Խփողը շատ լավ գիտեր` երբ խփեր, ոնց խփեր: Իրականում Տարոն Մարգարյանի թշնամիները ոչ թե ընդդիմադիր ակտիվիստներն են, ինչպես իրեն փորձում են համոզել, այլ փտած քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներն են, որոնք շատ ծանր էին տանում Տարոնի վարկանիշը հասարակ քաղաքացիների շրջանում:

Ցավոք սրտի, Տարոն Մարգարյանը անպատրաստ եղավ քաղաքական կեղտոտ ինտրիգներին: Ու հիմա շատ արագ կորցնում է իր և իր հոր կողմից երկար տարիների ընթացքում կուտակած հարգանքն ու սերը:

Չգիտեմ, արդյոք գնացքը արդեն մեկնե՞լ է, բայց մի բան զզվելի է` մարդու գլխին սարքելու համար ամբողջ ժողովրդի գլխին են սարքում տրանսպորտի թանկացում: Ու իմ կարծիքով, քաղաքապետի ամենօրյա լռությունը ու քայլեր չձեռնարկելը վերջնականապես շատ մեծ ու յուղոտ խաչ կքաշեն իրա քաղաքական ապագայի վրա:

Եվ եթե սա իրեն ձեռք է տալիս, ապա թող էլ իր աջակիցներից ոչ մի բան չսպասի: