«Սա իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին


15:00 , 14 հունիս, 2020

Նորաստեղծ կուսակցությունը հիշեցնում է, որ ԱԺ ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը:

ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում գնահատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ԱԱԾ-ի կատարված քննչական գործողությունները:

«Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Նորաստեղծ կուսակցությունը հիշեցնում է, որ Ազգային ժողովի ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին, երբ վերջինս հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը:

Ծառուկյանի տան խուզարկության պատճառը նրան պատկանող խաղատներն են

«Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է»,- պնդում են «Հայրենիքի» ղեկավարները և դատապարտում Ծառուկյանի նկատմամբ «սաստկացող քաղաքական հետապնդումը»:

Վանեցյանի կուսակցությունում համոզված են, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է ու ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը: