Ամենայն հայոց կաթողիկոսի նամակը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդին


11:54 , 22 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

«Նոր Յառաջի» փոխանցմամբ՝ հինգշաբթի՝ հուլիսի 18-ին, անհայտ հասցեից էլեկտրոնային նամակ է ստացվել՝ «Հայ ժողովրդի հավատացյալ ծառա» ստորագրությամբ, որին կցված է եղել երեք նամակների պատճեններ, առաջինը՝ թվագրված հուլիսի 3-ին, Ամենայն հայոց կաթողիկոսի նամակը՝ ի պատասխան Նորվան Արք. Զաքարյանի հրաժարականի։ Երկրորդը՝ Ֆրանսիայի Թեմական խորհրդի և Պատգամավորական խորհրդի ատենապետներինը՝ ուղղված Կաթողիկոսին, և վերջինիս պատասխանը նրանց։

Նորվան Սրբազանի հրաժարականի պատճենը արդեն հրապարակած լինելով՝ «Նոր Յառաջը» այսօր ներկայացրել է միայն Ամենայն հայոց կաթողիկոսի պատասխանը՝ ուղղված Սրբազանին, որպես լրացուցիչ նյութ։ Սրբազան հոր նամակի պատճենը ստացել էինք երեք տարբեր աղբյուրներից։ Ենթադրում ենք, որ Կաթողիկոսի նամակը պարունակող այս էլեկտրոնային նամակը, անուղղակի ճանապարհով լրատվական գործակալություններին հղված, Էջմիածնի կողմից տեղական լրատվադաշտը վերագրավելու միտում ունի՝ ֆրանսահայ հասարակությանը հասցնելով Կաթողիկոսի պատասխանը, որպեսզի Սրբազան հոր նամակի գործած տպավորության և նրա անձի նկատմամբ եղած բազմաթիվ բարյացակամ արտահայտությունների կողքին նկատի առնվի նաև Կաթողիկոսի տեսակետը։

Նույնքան ուշադրության է արժանի նշյալ անանուն էլեկտրոնային նամակի բովանդակությունը, որ նոր գաղթականի լեզվական ու գաղափարական խղճալի միջուկով մատնում է պատվիրատու կամակատարի տիպարը, որի ետևում թաքնված է պոռոտախոս մի քարոզիչ։

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
Թիւ 1047 
3 Յուլիսի, 2013 թ.

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՆՈՐՎԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԶԱՔԱՐԵԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ,
ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿ

Փարիզ, Ֆրանսիա

Գերաշնորհ Սրբազան,

Ստացել ենք 1 Յուլիս, 2013 թուակիր Ձեր գրութիւնը, որում ներկայացնում էք Տ. Վաչէ Քահանայի առընչութեամբ Ձեզ հետ ունեցած Մեր զրոյցի վերաբերեալ Ձեր թիւր տպաւորութիւններն ու գնահատականները, ինչպէս նաեւ՝ սոյն թուականի Նոյեմբերի 1ից Թեմակալ Առաջնորդի եւ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի պաշտօններից, ինչպէս եւ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամութիւնից Ձեր հրաժարականը:

Զարմանք ապրեցինք՝ ընթերցելով Ձեր գրութիւնը, ի մասնաւորի Մեր կողմից Ձեր անձը վիրաւորելու արտայայտութիւնները, նաեւ օդանաւակայանում ի ներկայութեան Ձեր նամակում նշուած անձնաւորութիւնների, ովքեր հաղորդ չեն եղել Ձեզ հետ ունեցած Մեր զրոյցին: Ափսոսում ենք, որ սոյն դէպքի սխալ տպաւորութիւնների ազդեցութեան ներքոյ Դուք թոյլ էք տալիս նոյնքան եւ աւելի սխալ եզրայանգումներ եւ ընդհանրացումներ: Այս տարիների ընթացքին Մեր կողմից Ձեզ կատարուած թելադրութիւնները միտուած են եղել, որ Դուք գտնուէք առաջնորդական Ձեր պարտականութիւնների կատարման բարձրութեան վրայ եւ Ձեր առաքելութեան մէջ որոշումների կայացման պատասխանատւութիւնը ստանձնէք ինքներդ՝ առանց Մեր անունը անհարկի առընչելու խնդիրներին եւ առանց յապաղելու խնդիրների լուծման գործում, որոնք ձգձգուելով՝ բարդութիւններ են առաջացնում թեմական կեանքում: Ցաւում ենք, որ Մեր յորդորները, պահանջները եւ ի հարկին տնօրինումները Դուք ընկալել էք իբրեւ վիրաւորանք՝ ուղղուած Ձեր անձին, ինչպէս պարագան է նաեւ Տէր Վաչէ քահանայի հետ առընչուած հարցի:

Տարօրինակ ենք համարում Մեր անձին ուղղեալ Ձեր վերագրումները եւ Մայրավանքի մթնոլորտի վերաբերեալ Ձեր դատումները: Դուք անդամ էք Գերագոյն Հոգեւոր Խորհրդի եւ Ձեր նուիրական պարտքն է նման համոզումների պարագային դրանք հիմնաւորումներով ու փաստերով ներկայացնելու սոյն ատեանում:

Աղօթում ենք առ Աստուած, որ Տէրը քաջառողջութիւն պարգեւի Ձեզ եւ պահպանի Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ:

Սիրոյ Ողջունիւ եւ օրհնութեամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ.
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ