«Ջրային ստրկություն». Աֆրիկայում ջրի դեֆիցիտի պայմաններում այն հավաքելու բեռը դրված է միայն կանանց ուսերին


22:45 , 12 հունիս, 2020

ՄԱԿ-ի 2016 թ. տվյալներով Աֆրիկայի բնակչության շուրջ 66%-ն ապրում է չորացած կամ կիսաչոր շրջաններում: Մաքուր ջրի անբավարարության պատճառով տուժում է ավելի քան 300 միլիոն մարդ: Եվ չնայած որ վերջին տարիներին համաշխարհային հասարակությանը հաջողվել է կրճատել մայրցամաքում ջրի դեֆիցիտի աստիճանը, այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է սուր մնալ: Առավել մեծ բեռ բաժին է հասնում Աֆրիկայի բնակչության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Ջորջ Վաշինգտոնի անվան ամերիկյան համալսարանի մասնագետները մասշտաբային հետազոտություն են իրականացրել աֆրիկյան բազմաթիվ շրջաններում: Ուսումնասիրվել են տնային տնտեսությունները, որտեղ առաջին կարիքները հոգալու համար ջուր հավաքելը խլում է ոչ պակաս, քան 30 րոպե ժամանակ: Պարզ է դարձել, որ Նիգերիայում, Եթովպիայում, Կամերունում, Բուրունդիում, Լիբերիայում և շատ այլ երկրներում այդ առաջադրանքը դրված է կանանց ուսերին, ինչպես նաև երեխաների. ջուր հավաքելու գործընթացին մասնակցողների 62%-ը կին է և միայն 38%-ը՝ տղամարդ:

Վիճակն առավել վատ է Կոտ դ՛Իվուարում: Այնտեղ 90% դեպքերում ջուր հավաքում են կանայք: Եվ անգամ այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին է Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ցուցանիշները, այնուամենայնիվ, կանանց օգտին չեն. միայն տղամարդկանց 3%-ը և տղաների 10%-ն է զբաղվում ջուր հավաքելով, սակայն կանանց 56%-ը և աղջիկների 31%-ը:

Ընդհանուր առմամբ, ողջ մայրցամաքում «ջրային ստրկության» մեջ է գտնվում 17 միլիոն կին: Այդ տաժանակիր աշխատանքը բացասական ազդեցություն է թողնում նրանց առողջության վրա. կանայք մեջքի ցավեր են ունենում, խնդիրներ են առաջանում երեխա ունենալու և շատ այլ հարցերի հետ կապված: Երեխաները, որոնք այդ գործով են զբաղվում, ժամանակ չունեն դպրոց հաճախելու: Քանի որ ջրի դեֆիցիտ է առկա, հիգիենային առնչվող հարցերը վերջին պլան են մղվել, հետևաբար զարգանում են բորբոքային հիվանդություններ ողջ բնակչության մոտ:

Գիտնականները ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրում են այս վիճակագրության վրա. հավաքված տվյալները կարող են օգտակար լինել չորացած շրջանների բնակիչներին խմելու ջուր մատակարարելու հարցում: