Երևակայությունս չի հերիքում ասելու, թե էլ ինչեր կարող էին անել Նիկոլ Փաշինյանն ու իշխանակիր այլ օղակներ, եթե այս ամենը լիներ Սերժ Սարգսյանի օրոք


15:15 , 11 հունիս, 2020

Այսօր առավոտյան հայտարարվեց, որ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի։ Պատկերացնո՞ւմ եք՝ 23 խեղված ճակատագրեր, 23 դժբախտացած ընտանիքներ… Եվ ի՞նչը պիտի սփոփի այդ մարդկանց վիշտը, ի՞նչը պիտի փոխհատուցի նրանց կորստի ցավը՝ Արսեն Թորոսյանի ներողությո՞ւնը, թե՞ Նիկոլ Փաշինյանի պայքարը «քաղաքական կորոնավիրուսի բացիլների» դեմ։ Ի՞նչը։

... Վերջին շրջանում մարդիկ շատ են խոսում այլընտրանքային պատմություն ուսումնասիրելու օգտակարության մասին։ Հեղինակավոր պատմաբաններ, սոցիոլոգներ, քաղաքագետներ գրում են այս կամ այն շրջանի այլընտրանքային պատմությունը և այդկերպ փորձում վերլուծել կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների պատճառները, զարգացման հնարավոր սցենարները և այլն։ Հաճախ շատ բովանդակալից նյութեր են հրապարակվում, որոնք, իմ կարծիքով, նաև մեծ գիտական նշանակություն ունեն։ Եվ քանի որ դա իսկապես նաև հետաքրքիր է, եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե համաճարակի այս օրերին երկիրը շարունակեր ղեկավարել Սերժ Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Սորոսի ցանցը լինեին ընդդիմություն։

Պատկերացրեք, թե ինչ զզվելի տեսարանների ականատես կլինեինք։ Սորոսի ցանցը կկազմակերպեր մահացած հիվանդների ամենօրյա հավաքներ Ազատության հրապարակում, մահացած քաղաքացիների դիակներով ցույցեր Կառավարության շենքի դիմաց, Նիկոլ Փաշինյանի լաչառ ձայնով non-stop ելույթներ Խորհրդարանում և մայրաքաղաքի փողոցներում, ոստիկանության ու պետական իշխանության դեմ գեներացվող հարյուրհազարավոր տեռաբայթ ատելության խոսք և այլն, և այլն։ Կներեք, երևակայությունս չի հերիքում ասելու, թե էլ ինչեր կարող էին անել Նիկոլ Փաշինյանն ու այսօրվա իշխանակիր այլ օղակներ։ Նախկին իշխանություններին նրանք ոչինչ չէին ների, էլ չեմ խոսում մահվան դեպքերի մասին։ Իսկ հիմա արդեն հարյուրավոր զոհեր կան, իսկ իրավիճակը երկրում այնպիսին է, որ նույն Արսեն Թորոսյանը կարող է մտածել, թե ներողություն խնդրելով իր վրայից կթոթափի այդ մահերի պատասխանատվությունը։

Հետո էլ կանգնում և իրենց ընդդիմախոսների հետ պատերազմական օրենքի լեզվով են փորձում խոսել։ Հիմարներ, դուք դեռ չգիտեք, թե ինչ դատաստանի առջև եք կանգնած և ոնց եք փոշիանալու ճգնաժամային այս իրավիճակի հաղթահարումից հետո։ Տգետ եք ու չեք հասկանում։