Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները մտահոգված են Արցախ-Հայաստան նոր ճանապարհի կառուցմամբ


13:35 , 11 հունիս, 2020

Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարությունն են ընդունել «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»:

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ. 

«Նախորդ տարի հայտարարված Հայաստանն ու ԼՂ-ն կապող երրորդ ճանապարհի շինարարությունը շուտով կմեկնարկի:

Նոր ճանապարհային ենթակառուցվածքը կապելու է Կապանը՝ Հայաստանում, Հադրութի հետ՝ ԼՂ-ում, անցնելով Ղուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են:

Սկզբունքորեն մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք խթանում են տարածաշրջանային համագործակցությունը, փոխկապակցվածությունը և մարդկանց միջև շփումներն Արևելյան հարևանության տարածքում:

Սակայն հարկ է նշել, որ այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց հաշվի առնելու դրա համար կոմպետենտ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ խախտելով միջազգային իրավունքը: Ի լրումն՝ դա կարող է ընկալվել որպես ԼՂ և հարակից շրջանների անօրինական օկուպացիայի ամրապնդման խորհրդանիշ:

Այդ պատճառով մենք ցավում ենք այս նախաձեռնության համար, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և համերաշխության համար կառուցողական պայմանների կառուցմանը:

Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ․ նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»: