Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ Նիկոլ Փաշինյանին որևէ բան խոսելուց առաջ փաստերին ծանոթանալ


20:14 , 10 հունիս, 2020

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի ցուցանիշները շատ ավելի լավն են, քան աշխարհի զարգացած մի շարք երկրներինը: Նման պնդումներ անելու համար նախ պետք է արվեն հիմնավոր վերլուծություններ՝ համադրելով բազմաթիվ գործոններ, որոնք, վստահ եմ՝ չի արվել և Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ ասաց:

Հայաստանի բնակչության 0,47 տոկոսն, ըստ պաշտոնական տվյալների, վարակված է կորոնավիրուսով, մահվան տոկոսը կազմում է 1,60:

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է 3 քաղաքներում, ինչպես նաև այն, որ Հայաստանն ունի ընդամենը 2 բաց սահման, այս ցուցանիշն աննախադեպ բարձր է: Հայաստանն, ի տարբերություն այլ երկրների, ի սկզբանե ունեցել է հնարավորություններ կանխելու կորոնավիրուսի լայն թափով տարածումն, ինչի չի արվել, իսկ ներկայումս էլ մարդկանց չթեստավորելով, հիվանդանոցներ չտանելով, փորձ է արվում հնարավորինս թաքցնել վարակակիրների իրական թիվը: Նույն Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, թե հիմնվելով տվյալագիտական վերլուծության վրա, Հայաստանում այս պահին կա 100 000-ից ավել վարակակիր, իսկ դա նշանակում է, որ իր իսկ խոսքերով այս պահին կորոնավիրուսով վարակված է բնակչության 3,37 տոկոսն, ինչն էականորեն բարձր է այս պահին առաջին հորիզոնականում գտնվող ԱՄՆ-ից՝ վարակված է բնակչության 0,61 տոկոսը, Բրազիլիայից՝ 0,34 տոկոս, և ՌԴ-ից ՝ 0,33 տոկոսը:

Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ Նիկոլ Փաշինյանին որևէ բան խոսելուց առաջ փաստերին ծանոթանալ, ապա իր իսկ կողմից արված հայտարարությունները կարդալ, որպեսզի ինքն իրեն չհերքի:

Հ.Գ. Մնացած ոչ քաղաքական և փողոցային բառապաշարով հագեցած Փաշինյանի հայտարարություններին չեմ անդրադառնա: