1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում կրկին աճել է


23:29 , 8 հունիս, 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը 1 մլն շնչի հաշվով հունիսի 8-ին աճել է 66-ով՝ կազմելով 4497: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Թեև նախորդ օրերի համեմատ տվյալի աճն այնքան էլ մեծ չէ, մեր երկիրը շարունակում է այս ցուցանիշով առաջատարը լինել տարածաշրջանում: Ռուսաստանի Դաշնությունում այդ ցուցանիշը կազմում է 3266, Իրանում՝ 2071, Թուրքիայում՝ 2030, Ադրբեջանում՝ 777, Վրաստանում՝ 204:

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (71) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (100) հետո: Այս առումով երրորդը տարածաշրջանում Թուրքիան է (56), այնուհետև հաջորդում են ՌԴ-ն (41), Ադրբեջանը (9), Վրաստանը (3):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է  13 325-ի: Մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 283-ի: 

Նշենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ հունիս 8-ին արձանագրված վարակման դեպքերի թիվը ցածր է, քանի որ հետազոտություն իրականացնող հիմնական լաբորիատորիան այսօր «կանգնած է եղել պրոֆիլակտիկայի»: