Ոստիկանները հայտնաբերել են կեղծ փողեր պատրաստող եև մի շարք յուրացումներ կատարող 20-ամյա երիտասարդին


15:56 , 8 հունիս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 1 թաղամասից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի Օրբելի փողոցում հաշվառված, 20-ամյա Վաչագան Սողոմոնյանին, ով այս տարվա մայիսի 26-ից Արաբկիրի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Արաբկիրի ոստիկանները մի քանի հասցեներ դարանակալումներ են արել, մինչեւ հայտնաբերել են նրան, այնուհետեւ Երեւանում նրա կողմից վարձակալական հիմունքներով գտնվող բնակության վայրից՝ Տիգրան Մեծի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 20 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ մոտ 9 հատ, ինչպես նաեւ դրամ պատրաստելու տպիչ սարք։

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ Վ. Սողոմոնյանը ոչ միայն նման արարք է կատարել, այլ նաեւ մի շարք յուրացումներ եւ գույքի դիտավորյալ վնասումներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ յուրացումների թիվն անցնում է մի քանիսը, եւ նա նաեւ կարողացել է հմտորեն խաբել հանրապետությունում գործող մի քանի ընկերությունների մենեջերների։

Սողոմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Արաբկիրի ոստիկանությունում հայտարարվել էր հետախուզում։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ նրա կողմից նմանատիպ բազմաթիվ յուրացումներ բացահայտվեն։