Մայրաքաղաքի քարե վկաները - Ալեքսանդր Սպենդիարյան


14:03 , 21 հուլիս, 2013
Կոմպոզիտոր, նվագավար, մանկավարժ, Հայաստանի ժողովրդական արտիստ (1923թ.), հայ երաժշտության դասական:
Ծնվել է Ուկրաինայի Խերսոնի մարզի Կախովկա քաղաքում:
1895թ. սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1896-1900թթ. կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Կլենովսկու և Ռիմսկի-Կորսակովի մոտ Սանկտ Պետերբուրգում: Աշխատել է Ղրիմում: 1924-ից ապրել է Երևանում: 
Գրել է հերոսական, հայրենասիրական օպերա «Ալմաստ»-ը ըստ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի:
«Նրա մեծ անունը երբեք չի մոռանալու հայ ժողովուրդը, որին միշտ պետք է հուզե, ոգևորե նրա նվիրական անկրկնելի քնարը»: Ա. Իսահակյան
«Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի արվեստի պատմության մեջ իբրև վառ աստղ միշտ կշողշողա անզուգական մարդու և մեծ երգահանի` Ա. Սպենդիարյանի անունը»: Մ. Սարյան
1939թ. նոյեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի հիշատակը հավերժացնելու նպատակով ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահությունը այլ միջոցառումների թվում որոշեց նաև նրա անվան Պետական թատրոնի (այժմ` Օպերայի և Բալետի Պետական Թատրոն) հարող տարածքում կանգնեցնել Ալ. Սպենդիարյանի արձանը:
Ա. Սպենդիարյանի արձանի համար 1953թ. հայտարարվեց համամիութենական մրցույթ: 
Մասնակցեցին միայն երեք հայ արձանագործներ, Արա Սարգսյանը, Ղուկաս Չուբարյանը, Մոսկվայում բնակվող Նիկողայոս Նիկողոսյանը: 
Ա. Սպենդիարյանի արձանի բացումը տեղի ունեցավ 1957թ. նոյեմբերի 17-ին (տես` Հ. Թումանյանի արձանի բացումը):
Արձանի նյութը` բրոնզ, բաց վարդագույն գրանիտ, բարձրությունը պատվանդանի հետ միասին` 8,5 մ, քանդակագործներ՝ Արա Սարգսյան (տես` «Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց» արձանը), Ղուկաս Չուբարյան (տես` Մ. Մաշտոցի արձանը), ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան: