Հայտնի է, թե ինչպես է արյան խումբն ազդում COVID-19-ի ընթացքի և վարակման վտանգի վրա


02:32 , 8 հունիս, 2020

Անալիզը ցույց է տվել, որ արյան երկրորդ խումբ ունեցողներն ավելի շատ հակված են COVID-19-ի, և ավելի հավանական է, որ նրանք հոսպիտալացվեն վարակի ծանր ձևով, հայտնում է ТАСС-ը: Արյան առաջին խմբում, ընդհակառակը, վարակի ռիսկը նվազում է: Պատճառը հատուկ մուտացիաներն են: Կիլի համալսարանի գիտնականները վերծանել են Իսպանիայի և Իտալիայի կորոնավիրուսային վարակի ծանր ձևով հոսպիտալացված 1980 բնակիչների գենոմները։

Հետազոտողները համեմատել են այս հիվանդների գեներում մուտացիաների շարքը: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է ավելի քան 8,5 միլիոն գենետիկական տատանում: Դրանց առկայությունը փորձել են կապել վարակման ռիսկի և կորոնավիրուսային վարակի ընթացքի բնույթի հետ: Պարզվել է, որ վարակման հավանականությունը և հիվանդության բնույթի վրա ամենից շատ ազդել են երկու մուտացիաներ: Առաջինը վերաբերում էր SLC6A20 գենին և երրորդ քրոմոսոմին, իսկ երկրորդն՝ արյան խումբը որոշող գենին և իններորդ քրոմոսոմին: Առաջին մուտացիան մեծացրել է վարակի ծանր ձևի վտանգը մոտ 1,77 անգամ, իսկ երկրորդ մուտացիան ավելացրել է վարակման հավանականությունը 1,32 անգամ:

Հայտնի է. SLC6A20 գենն ուղղակիորեն կապված է ACE2 ընկալիչների աշխատանքի հետ, որոնց կորոնավիրուսը օգտագործում է մարդու բջիջներ ներթափանցելու համար: Բացի այդ, իններորդ քրոմոսոմում այս մուտացիաների պատճառով արյան մակարդելիությունը սովորաբար մեծանում է: Եվ սա հաճախ հանգեցնում է COVID-19 ունեցող հիվանդների մահվան: Նման մուտացիաներն առավել տարածված են արյան երկրորդ խումբ ունեցող մարդկանց մոտ, ասում են գիտնականները: