1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Հայաստանը պահպանում է «առաջատարի» դիրքը տարածաշրջանում


23:12 , 6 հունիս, 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով:

Ըստ worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալների՝ հունիսի 6-ի դրությամբ Հայաստանի համար այդ ցուցանիշը կազմել է 4173, մինչդեռ նախօրեին այդ տվյալը 3988-ն էր:

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով մեր երկրին հաջորդում է Ռուսաստանը (3143), այնուհետև հարևան երկրները՝ Իրանը (2019), Թուրքիան (2008), Ադրբեջանը (714), Վրաստանը (203):

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով մենք տարածաշրջանում երկրորդն ենք (64 մարդ)՝ Իրանից հետո (98): Մեր երկրին հաջորդում են Թուրքիան (55), Ռուսաստանը (39), Ադրբեջանը (8), Վրաստանը (3):

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է, մահվան դեպքերինը՝ 259: