Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակի արդեն դատարանում է


12:21 , 6 հունիս, 2020

168․am-ը գրում է․

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի քաղաքացիական հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի երկու օր առաջ մուտք է արվել դատարան և մակագրվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Հայցով Ա. Վանեցյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, հեռացնել դրանք, հրապարակել հերքման տեքստ և փոխհատուցել պատվին ու արժանապատվությանը պատճառած վնասը:

168.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ քաղաքացիական այս հայցադիմումի հիմքում 2020 թվականի ապրիլի 29-ին վարչապետ խոսնակ Մանե Գևորգյանի գրառումն է, որտեղ նշված է նաև Արթուր Վանեցյանի անունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»:

Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակի այդ գրառմանը հաջորդել էր Արթուր Վանեցյանի ներկայացուցիչների հայտարարւթյունը, որտեղ էր նշված էր, թե Մանե Գևորգյանի գրառման մեջ առկա տեղեկություններն աղերս չունեն Վանեցյանի հետ, որ անթույլատրելի ու զարհուրելի են համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը:

Արթուր Վանեցյանն էլ, անդրադառնալով վարչապետի խոսնակի գրառմանը, նշել էր, որ խոսնակի հայտարարությունների (Փաշինյանի հանձնարարականի) իրական դրդապատճառը հանրության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից շեղելն է ու այդ ծանոթ ձեռագիրը կիրառվել է այս երկու տարիների ընթացքում:

«Գիտեք, կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի»,- գրել էր Արթուր Վանեցյանը։

Այսօր մեզ հետ զրույցում Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը հայտնեց նաև, որ հայցադիմումում առկա պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի դիմաց 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջել։

Հայցադիմումը վարույթ ընդունելու, մերժելու կամ վերադարձնելու մասին դատարանի որոշում դեռևս չկա: