Քաղաքացուն տապալում են գետնին դիմակ չկրելու համար, իսկ համաճարակի դեմ պայքարի գլխավոր պատասխանատուն ճամփեզրի սրճարանում առանց դիմակի է


11:31 , 6 հունիս, 2020

Մանրուքները հաճախ շատ մեծ և լուրջ խնդիրներ կարող են բացահայտել։

Երբ Նիկոլն Արցախում առանց դիմակի քեֆ էր անում, իր քարոզիչների «կռուտիտն» էր. «Արցախում դիմակ կրելու օրենք չկա»։

Եփած հավն էլ կծիծաղի այս արդարացումից. վիրուսը չի ճանաչում սահմաններ, վիրուսը տարածվում է մարդկային հոսքերով:

Նշանակում է՝ Նիկոլը ՉԷՐ հասկանում դիմակի իմաստը, իր համար դիմակը զուտ ցուցադրական պարագա էր։

* * *

Երեկ մի քաղաքացի բռնացրել է պարետ Տիգրան Ավինյանին առանց դիմակի, բացօթյա սրճարանում։

Ի՞նչ է պատասխանում Ավինյանը վրդովված քաղաքացուն։ Ասում է. «Հանրային սննդի կետերում թույլատրված է առանց դիմակի գտնվելը»։ Ու խաշած հավը կրկին սկսում է ծիծաղել, քանի որ նույնիսկ այդ խեղճ թռչունն է հասկանում, որ վիրուսը պարետատան որոշումները չի կարդում։

Շարքային քաղաքացին հասկանում է, որ եթե կիսադատարկ փողոցով քայլող մարդուն են ստիպում դիմակ կրել, ապա սրճարանում իրար քիթ մտած մարդիկ է՛լ ավելի ռիսկային դրության մեջ են։

Իսկ պարետը, փաստորեն, ոչ միայն չի հասկանում այդ դիմակի իմաստը, այլև չի հասկանում, թե ինչ օրինակ է տալիս քաղաքացիներին, ինչ լեզու է դնում այն խավարամիտների բերանը, որոնք առ այսօր էլ փորձում են համոզել, թե «կորոնավիրուսը հնարած է» կամ «սովորական գրիպի պես բան ա»։

Քաղաքացուն ոստիկանները տապալում են գետնին փողոցում դիմակ չկրելու համար, իսկ պարետը՝ համաճարակի դեմ պայքարի գլխավոր պատասխանատուն, ճամփեզրի սրճարանում առանց դիմակի է։

Մանր դետալներ են, բայց շատ կարևոր։

* * *

ԼՏՊ-ն սխալ է։ Նիկոլի թիմն այն ուժը չէ, որին աջակցելով հնարավոր է իր իսկ ստեղծած աղետը հաղթահարել, կյանքեր փրկել։ Ընդհակառակը, ինչքան շուտ Նիկոլը հեռանա, այնքան կորուստներն ավելի քիչ կլինեն։