Տաթևիկ Ռևազյանի «պրիմիտիվ» սուտասանությունը՝ ԵՄ սև ցուցակում հայտնվելու նախաշեմին


15:16 , 5 հունիս, 2020

168.am-ը գրում է․

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը բազմիցս իր ելույթներով ապացուցել է, որ ունակ է իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ անել՝ տպավորություն ստեղծելով, թե «աշխատում» է: Նա, թերևս, լավ է յուրացրել կառավարող վերնախավի դասերը՝ աշխատանքի իմիտացիա իրական աշխատանքի փոխարեն, պոպուլիստական հայտարարություններ՝ բոլորին դուր գալու համար, իսկ արդյունքը հիմա արդեն, թերևս, բոլորս ենք տեսնում:

Ռևազյանը հերթական անգամ ապացուցեց, որ «պրիմիտիվ» սուտասան է, և դա ներկայացնելու համար սկսենք մի փոքր հեռվից:

2019 թվականի դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ամբիոնից ՔԱԿ նախագահը մեծ ուրախությամբ հայտարարեց  3:30-ից, որ շուտով շուկա մուտք կգործի հայկական նոր ավիաընկերություն՝ մանրամասն ներկայացնելով ընկերության բիզնես-պլանը: 

Սակայն մինչև այս ելույթը, 2019 թվականի հուլիսին Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը՝ EASA-ն, ստուգումներ էր իրականացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) և հայաստանյան երկու ավիաընկերություններում՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում և Atlantis European Airways-ում, և բացահայտել մի շարք թերություններ։

Իսկ 2019 թ. նոյեմբերի 7-ին Բրյուսելում EASA-ի, Եվրահանձնաժողովի և ՔԱԿ-ի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՔԱԿ-ը տեղեկացվել էր ԵՄ «սև ցուցակում» հայտնվելու հանարավոր վտանգի մասին, որի «ավետիսը» ԵՄ-ից եկավ օրեր առաջ:

Եվրահանձնաժողովը թարմացրեց ԵՄ օդային անվտանգության ցուցակը՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին: Եվ այդ թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են ցուցակում մինչև երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների հետագա գնահատումը: Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և վեց հայկական ավիափոխադրողների գործունեության  ուսումնասիրությունների արդյունքում:

Առանց շատ խորանալու՝ մի կողմ ենք թողնում Տաթևիկ Ռևազյանի՝ «միստիկ» ավիաըներության մասին հայտարարությունը, քանի որ վերջինս այդպես էլ փակագծերը չբացեց, թե այդ ինչ ավիաընկերության մասին էր խոսում, և ով էր պատրաստվում այդքան գումար ներդնել՝ նման բիզնես-պլան իրականացնելու համար:

Սակայն ուզում ենք նշել, որ վերը նշված դեպքերի հարջորդականությունից ստացվում է, որ ՔԱԿ նախագահը, չնայած այն հանգամանքին, որ գիտեր ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակում հայտնվելու մասին, որի հետևանքով սահմանափակվելու էին ավիաընկերությունների գործունեության շրջանակները, չնայած այն հանգամանքին, որ նա գիտեր, որ իր՝ հայկական նոր ավիաընկերության ստեղծման մասին լուրը գրեթե անհնարին է ստեղծված խնդիրների ֆոնին, բայց նա առանց ամաչելու խաբեց ԱԺ պատգամավորներին, խաբեց ՀՀ իշխանությանը, և, իհարկե, խաբեց հայ ժողովրդին:

Ռևազյանի խաբեբայությունները, ցավոք սրտի, այսքանով չեն սահմանափակվում: Սակայն ամենավատն այն է, որ նրա ստերի և շատ «պրոֆեսիոնալ» աշխատանքի պատճառով տուժեց մի ամբողջ ոլորտ: