Դավիթ Անանյանը նախընտրել է հեռանալ, քան հեռացնել պրոֆեսիոնալ կադրին


15:07 , 5 հունիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Երեկ մենք գրել էինք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը Արարատյան մաքսատան մոտ մարդկանց կուտակումների լուսանկարն ու դրա արդյունքում՝ վարչապետի պահանջն է եղել՝ աշխատանքից ազատել Մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանին, ինչին Անանյանը չի համաձայնել։ Բայց երեկվանից համացանցում բազում վարկածներ են շրջանառվում Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառների մասին։

Մենք կապվեցինք ՊԵԿ լրատվական ծառայություն եւ խնդրեցինք պարզաբանել՝ ի վերջո, ո՞րն է եղել հրաժարականի պատճառը։ ՊԵԿ լրատվականից մեզ պատասխանեցին, հաստատելով մեր երեկվա գրած վարկածը․

«Վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որեւէ խնդիր չի եղել: Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»։