Պետք է առնվազն մի քանի օրով փակել վարակի թեժ օջախները, տարածվածությունը լոկալիզացնել, մասսայաբար ախտահանում իրականացնել, անվճար դիմակներ բաժանել․ Ալբերտ Բաղդասարյան


00:26 , 5 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Պետք է մի քանի օրով փակել վարակի թեժ օջախները, համատարած ախտահանում իրականացնել և անվճար կանխարգելիչ միջոցներ բաժանել։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը՝ անդրադառնալով երկրում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին։

«Պետք է առնվազն մի քանի օրով փակել, ոչ թե մեկ ամսով։ Եթե անհրաժեշտ է, բնակչությունը դուրս չգա ընդհանրապես տնից և մեքենաներով, համապատասխան տեխնիկաներով ամբողջությամբ տարածքները, փողոցները, կանգառները, մայթերը պետք է ախտահանել մասսայաբար։ Այսինքն՝ մեծ գրոհ է պետք, միանգամից։ Դրա համար պետք է ոչ մի ֆինանսական միջոցների առաջ կանգ չառնել»,- ասաց նա։

Ըստ նրա՝ պետք է ոչ թե համատարած խիստ սահմանափակումներ լինեն, այլև փակվեն բոլոր վարակի թեժ օջախները, որոնց մասին տվյալներ ունեն պարետատունը, Առողջապահության նախարարությունը։

«Ոչ բոլոր գյուղերում կան վարակակիրներ, բայց թաղամասեր, շրջաններ կան Երևանում, որտեղ շատ է տարածված։ Այդ մասերում իսկապես շատ խիստ միջոցներ պետք է կիրառվեն, բոլոր տեղերում պետք է անվճար ախտահանիչ միջոցներ և դիմակներ դրվեն, որ այդ դիմակների պրոբլեմի մասին ընդհանրապես խոսակցություն չլինի։ Հենց տեսան առանց դիմակի մարդու, առաջին մեկ- երկու օրը ուղղակի դիմակ տալ և ստիպել, որ դնի, երրորդ օրվանից պատժել բոլոր նրանց, ովքեր չեն կրում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 176 է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ