«Եթե Փաշինյանը չկայացնի այդ որոշումը, կկայացնեն այլք, բայց դա կունենա լրացուցիչ գին». Սամվել Ֆարմանյան


22:37 , 3 հունիս, 2020

168.am-ը գրում է․

Քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համոզմամբ՝ Հայաստանը կանգնած է մեծ աղետի եզրին, և հայտնվել ենք պատմական նշանակության իրավիճակում, ուստի, որպեսզի վաղը չանիծենք մեր բախտը, որ ներկա գործընթացների լուռ հետևորդն ենք եղել, պետք է գնալ կոնկրետ գործողությունների։ Այսօր 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ առողջապահական համակարգը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ երկրի վարչապետն էլ չգիտես, թե ում ականջների համար հայտարարում է, թե ուժային կառույցներն ի վիճակի չեն զարգացումները վերցնել իրենց հսկողության տակ։

Ըստ Ֆարմանյանի՝ երանի թե ստեղծված իրավիճակում հնարավոր լիներ վերլուծել և հասկանալ, թե ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, թեև դա այդքան կարևոր չէ, որքան ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալը։

«Առողջապահական համակարգի կոլապսն ու տասնյակ-հազարավոր գերվտանգավոր դեպքերը մեր քթի տակ են, հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ ջերմությունով գնում են, նրանց չեն ընդունում հիվանդանոցներում։ Սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակում Կառավարությունը փոխարենը փող գտնելու՝ թիթեռ է նկարում։ Ամենակարևորը, որի միասին չի խոսվում, դա այն է, որ մենք կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, և մեր արտաքին սպառնալիքները որևէ մեկը չի չեղարկել»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ունենք կառավարություն, որն ապացուցել է, որ ի վիճակի չէ կառավարել համավարակը, սրան զուգահեռ՝ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ։

«Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության վստահությունը, սա այն հարցերի հարցն է, որից պետք է գալ՝ որպես իրավիճակի լուծման բանալի»,- ասաց Ֆարմանյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը փախչում է իրականությունից և գերադասում հավատալ այն աղմուկին, որը ստեղծված է ֆեյսբուքյան տիրույթում։

Ինչ վերաբերում է այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանի հայտնած տեղեկությանը, որ իրականությանը չհամապատասխանող պատկեր իրեն ներկայացնելու համար ինքը կոշտ զրույց է ունեցել Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանապետի հետ, Սամվել Ֆարմանյանը նկատեց.

«Այն ղեկավարը, ոը հայտարարում է, թե կոշտ զրույց է ունեցել իմ ենթակաների հետ, պետք է րոպե առաջ այդ աթոռին չլինի։ Ո՞ւմ ականջների համար ես հայտարարում, թե ուժային կառույցներն ի վիճակի չեն վերահսկելու. Թշնամին ինչպե՞ս է ընկալելու քո հայտարարությունը։ Փաշինյանի քաղաքական հիգիենային հակասող ընկալումներում բոլորը մեղավոր են՝ իր ենթակաները, այսօր էլ պարզվեց՝ ժողովուրդը։ Օրինակ՝ այսօր, երբ երկիրն այս իրավիճակում է, և ոստիկանությունը, տեսնում ենք՝ ինչ վիճակում է, առավոտյան քրոջս աղջկան և փեսային կանչել են ոստիկանություն և ասել՝ բացատրություն տուր՝ արդյո՞ք մորդ կաշառք ես տվել դիպլոմների միջուկ ստանալու համար։ Ավելի պարզ ցուցիչ, որ մենք աղետից հինգ պակաս իրավիճակում իրականության զգացողությունը կորցրած և անպատասխանատու իշխանություն ունենք, լինել չի կարող»։

Որպես ստեղծված իրավիճակի լուծման տարբերակ՝ Ֆարմանյանն առաջարկում է.

«Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է թողնի ՀՀ վարչապետի պաշտոնը, բայց դա պետք է ձևակերպվի ոչ թե՝ որպես տապալման հետևանք, այլ՝ ծառայի իր նպատակին։ Երկու տարբերակ կարող է լինել՝ կամ փոխվարչապետները վերցնում են պատասխանատվությունը, կամ խորհրդարանական մեծամասնությունն է կայացնում քաղաքական որոշում։ Օրակարգ պետք է ձևավորվի հետևյալի շուրջ՝ բացառել ագրեսիան Հայաստանի և Արցախի ուղղությամբ, թույլ չտալ սոցիալ-տնտեսական աղետ, առողջապահական համակարգի կոլապսի բացառում։ Սա պետք է լինի միջանկյալ կառավարություն, որը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում