«Դուք ինքներդ եք հասել նրան, որ մարդիկ չեն հավատում ձեզ․ ո՞ւմ եք սարքում քավության նոխազ»․ Արեգ Սարգսյան


02:03 , 3 հունիս, 2020

Մենք սոցիալապես անպատասխանատո՞ւ հանրույթ ենք։ Այո։
Մենք օրենքները շրջանցո՞ղ, չկատարո՞ղ հանրույթ ենք։ Այո։
Մենք սիրու՞մ ենք մտածել, որ չոռը բոլորին կկպնի՝ բացի մեզանից։ Այո։
Մենք թքա՞ծ ունենք ռացիոնալիզմի վրա։ Այո։

Գիտի՞ մեր Կառավարությունն այսքանը։ Այո։
Գիտի՞ այս ամենի մասին պարոն Փաշինյանը։ Առավել, քան այո։
Գիտի՞ պարոն Փաշինյանը, որ մեզ կրթելուց կռտել մի քայլ է։ Այո։
Գիտի՞, որ իր քայլերով ու վերաբերմունքով ոչ թե կրթեց, այլ կռտեց։ Այո։

Բա հարց՝ հիմա ինչի՞ց կամ ումի՞ց է բողոքում պարոն Փաշինյանը։

Ունե՞ր գրոշի արժեք ՀՀ սահմանների ուշացած փակումը։ Ոչ։
Ունե՞ր գրոշի արժեք անգիտակից ամբոխին ինքնամեկուսացման կոչ անելը։ Ոչ։
Ունե՞ր գրոշի արժեք սոցիալական պատասխանատվության թուլակամ քարոզը։ Ոչ։
Ունե՞ր գրոշի արժեք էդ կարանտինի տնազը, էդ չստացված, վախվորած բթությունը։ Ոչ։

Բա հարց. հիմա ինչո՞ւ հանկարծ մեղավորը դարձավ անպատասխանատու քաղաքացին։

Արդեն հոգնել եմ անգամ մտածելուց էս թեմայի մասին, բայց նորից ու նորից՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա», «կորոնան արաղով կախտահանքնեք, պինցետով կհանենք», «դե, քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի, հատուկ միջոցառումներ պետք չեն», «դիմակը օգուտ չի տալիս» ու նմանատիպ մյուս թեզերի անփառունակ հեղինակներ, սիրելի կառավարիչներ, ինչի՞ց եք դժգոհում։ Դուք ինքներդ եք հասել նրան, որ մարդիկ չեն հավատում ձեզ։ Ո՞ւմ եք սարքում քավության նոխազ։

Հիմա պահանջ

Հայտարարեք խստագույն կարանտին։ Տուգանեք բոլոր չենթարկվողներին, թող բոլորը ենթարկվեն պատասխանատվության։ Փակեք երկիրը։ Կանգնեցրեք վարակի տեմպը։ Դուք դա պարտավոր եք անել։ Մի վախեցեք, որ ձեզ չեն սիրի, ձեզ չեն համակրի... Իշխանությունը սիրելու, ատելու համար չէ։ Ե՞րբ եք հասկանալու վերջապես։