Նախագահ Թրամփը հայտարարեց, որ զորքեր է մտցնում ամերիկյան քաղաքներ՝ խռովությունները մարելու համար


03:38 , 2 հունիս, 2020

Րոպեներ առաջ նախագահ Թրամփը հայտարարեց, որ զորքեր է մտցնում ամերիկյան քաղաքներ՝ խռովությունները մարելու համար: Սահմանադրությամբ նման գործողությունն արգելվում է՝ բացի ներքին ապստամբությունների դեպքից: Հենց այդ հանգամանքին էլ հղում է անում Թրամփը՝ հենվելով 1807թ. ապստամբության ակտի վրա (The Insurrection Act of 1807), որը երբևէ չի կիրառվել:

Նշենք, որ 1968-ից ի վեր սրանք ամենազանգվածային և ամենածավալուն բողոքի գործողություններն են ԱՄՆ-ում:

Այսօր արդեն բազում տեղերում մինչ նախագահի հայտարարությունը ոստիկանությունը հարձակումներ է գործել և ցրել խաղաղ, զանգվածային բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները ո՛չ թալանում էին և ոչ էլ զբաղված էին վանդալիզմով` այդպիսով խախտելով քաղաքացիների խաղաղ հավաքներ և բողոքի ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքը:

Նախագահի՝ զորքեր մտցնելու մասին հայտարարությունը ոչ թե լուծելու է երկրում ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը, այլև ավելի է մեծացնելու արդեն վաղուց առկա ներքին սոցիալական և հասարակական լարվածությունը: Ու թեև նախագահը, օգտվելով այս իրավիճակից, ևս մեկ անգամ փորձում է իր համախոհների շրջանում հանդես գալ որպես ուժեղ և կարգուկանոն հաստատող առաջնորդ․ առկա խորքային այս իրավիճակը հարուցող համակարգային խնդիրը նա չի հասցեավորում և դրանով զերծ լինելով քաղաքական հեռատես հաշվարկներ անելու կարողությունից՝ ստեղծելու է առավել մեծ լարում:

Նախագահ Թրամփն առաջինը չէ այդպիսի վարքագիծ դրսևորող այլ առաջնորդների շարքում: Այդպիսիք եղել են և կան և այսօրվա Հայաստանում:

Վաղը ֆեյսբուքյան ասուլիսով կվերլուծենք ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը: Կանդրադառնամ նաև հայաստանյան իրավիճակին:

Հարցերը նախօրորք կարող եք տեղադրել այս գրառման ներքևում:

Ժամի մասին կհայտնեմ ավելի ուշ: