«Չի կարող ամբողջ մի ժողովուրդ պառակտած մարդը պատժվի, օրինակ, 10 տարվա ազատազրկմամբ միայն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան


03:17 , 2 հունիս, 2020

Artur Danielyan-ի հայտնի գրառման ու դրա շուրջ ծավալված քննարկման մասին

Խնդիրն ախր ներել/չներելը չէ։ Մեր ներելուց ի՞նչ է փոխվում։ Ենթադրենք՝ մարդ է, բարի սիրտ ունի, վատը չի ուզում հիշել, պայքարելու ցանկություն չունի և այլն, մի խոսքով՝ ներում է։ Ու ի՞նչ։ Արդարությունն այդպես վերականգնվե՞ց։ Միջավայրն ու երկիրը ավելի լավը դարձա՞ն։ Իհարկե ոչ։ Եկեք անկեղծ խոսենք՝ դա ներել չէ։ Դա փախուստ է արդարության ու ճշմարտության համար պայքարից։ Իսկ այդ կռվից փախչողը ոչ թե բարի սիրտ, այլ թույլ կամք ունի։ Ապագայի մասին մտածելիս մենք չենք կարող խուսափել այս հարցերի քննությունից։

Դրա համար եմ գրում, որ ներել/չներելու հարցն այս կոնտեքստում շատ երկրորդական է։ Ոչ ոք չի կարող ասել, թե ով ինչ վիճակից է հաճույք ստանում և որտեղ է փրկություն փնտրում։ Բա որ հանկարծ պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը սադիստ է ու իրեն դուր է գալիս տեսնել մարդու, թեկուզ հարազատի տառապանքը։ Կընկնենք «լավություն» անող այն մարդու օրը, որը ձուկ է հանում ջրից, որ չխեղդվի։

Ուզում եմ ասելիքս հստակ լինի․ ես չեմ պնդում, որ այս իշխանության որևէ ներկայացուցիչ ապագայում պետք է անպայման պատժվի։ Անկեղծ ասած՝ ես անտարբեր եմ նրանց ճակատագրի հանդեպ։ Բայց ես ասում եմ, որ այլևս երբեք մեր երկրում չպիտի լինի իրավիճակ, որից հետո պայմանական Արթուր Դանիելյանը կարողանա ասել «ես ունեմ բարոյական իրավունք Նիկոլին նստացնեմ աթոռին ու ստիպեմ, որ նա դիտի, թե ինչպես եմ ես իր հորը շատ լուրջ առողջական վնաս պատճառում...» ու ճիշտ լինի։ Ի դեպ, Արթուրի գրառման անկյունաքարը, իմ կարծիքով, հենց այդ բարոյական իրավունքն է և ոչ թե ներել/չներելը։

Հիմա մենք ո՞նց ենք պատրաստվում բացառել վերոնկարագրյալ իրավիճակի կրկնությունը։ Ո՞վ ունի այս հարցի պատասխանը։ Ես չունեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ գործող օրենսդրությունը մեզ նման հնարավորություն չի տալիս։ Որովհետև չի կարող ամբողջ մի ժողովուրդ պառակտած մարդը պատժվի, օրինակ, 10 տարվա ազատազրկմամբ միայն։ Կամ ցմահ։ Բա որ հանկարծ պարզվի, որ նա նաև մազոխի՞ստ է…

Ներել/չներելը, պատժել/չպատժելը ոչինչ են, եթե դրանք չեն ձևավորում հասարակական վարքագիծ։ Եթե չեն նպաստում արդարության ու ճշմարտության հաղթանակին։ Նպատակը այս պետք է լինի։ Հակառակ պարագայում ի՞նչ տարբերություն, թե հայտնի նախադասության որ բառից հետո ստորակետ դնել։ Միևնույն է, դա կմնա մասնավոր դեպք ու ոչինչ էլ չի փոխի այս աշխարհում։ Մինչդեռ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոչ ոք ուրիշին վատություն անելու բարոյական իրավունք այլևս չունենա։ Կարծում եմ՝ Արթուրը հենց դրա մասին է խոսում։ Համենայն դեպս, ես այդպես հասկացա։

Հ.Գ. Իսկ պատիժ, այնուամենայնիվ, լինելու է։ Չի կարող չլինել։ Այդպիսին է բնական օրենքը։