Մի արեք, սիրուն չի


18:01 , 20 հուլիս, 2013

 Report.am-ը գրում է.

Տեղի է ունենում մի շատ պարզ բան: Մեր իշխանությունները ցանկանում են ժողովրդի փափուկ տեղով լավություն անել իրենց գծատեր ախպերներին: Դա է պատճառը, որ ՀՀԿ խոսնակից սկսած մինչև հոսանքին միացրած սովորական արդուկն այս օրերին խոսում են տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն այլընտրանք չլինելու մասին: Բնավ էլ զարմանալի չէ, որ մետրոպոլիտենի փոխադրումները չեն թանկանում, թեև թանկացել է նաև էլկտրաէներգիան: Այստեղ գծատեր լավ տղա չկա, և մտածում են, երևի, որ պետությունը կարող է նաև կրճոններով յոլա գնալ:

 Դիցուք՝ տաքսու և երթուղայինների վարորդները ներքուստ դեմ են թանկացումներին: Դա նպաստելու է տրանսպորտից օգտվողների թվի կտրուկ նվազմանը, ինչի հետևանքով չեն կարողանալու նույնիսկ տերերին հասցվող գումարները վաստակել: Տաքսիները սկսելու են ուղևորի համար իրար շալակ բարձրանալ՝ ասում են նրանք: Մինչդեռ տաքսի ծառայությունների տերերն ու երթուղային գծատերերը պատրաստվում են միանգամից 1,5 անգամ մեծացնել սեփական եկամուտները:

Իշխանություններն, ահա այս խավի շահերը պաշտպանելով, հերթական անգամ արհամարհում են հասարակության շահը, ինչի հետևանքով էլ մարդիկ բողոքում են: Իշխանությունները դիմել են ամեն հնարավոր ու անհնար միջոցների այս "մանր խուլիգանությունն" արդարացնելու համար, բայց, ինչպես երևում է դեպքերի ընթացքից, նրանց դա չի հաջողվելու: Եթե մարդը չտվեց՝ գրպանից զոռով դուրս չես քաշի: Թքած, կգնա ոտքով, բայց թույլ չի տա իրեն կողպտել հօգուտ որևէ հաստավզի կամ պաշտոնյայի, որ ձեռքի հետ էլ մի 5-6 երթուղայինի գիծ ունի: Սա այն դեպքը չէ, որ մարդու հոսանքը կամ գազը անջատեն: Ի վերջո կարելի է մի-մի ավանակ ձեռք բերել և դրանցով երթևեկել, մինչև ՀՀ պանծալի իշխանությունները ԱԺ նիստ անեն ու որոշեն արգելել ավանակների երթևեկությունը 3000-ամյա Երևանում: Ասում ենք Երևանում, որովհետև մեր շատ քաղաքներում վաղուց է, ինչ "գազելներին" հավասար ավանակաքարշեր են երթևեկում:

Խելքներին զոռ են տվել ու վերջապես հասկացել, որ տրանսպորտի այս խայտառակ թանկացումը չի կարող միայն գազի գնի բարձրացումով պայմանավորվել: Այդ դեպքում ստացվում է, որ այն որևէ պաշտոնյայի կամ մեծահարուստի վրա չի անդրադառնում, քանի որ նրանց ավտոմեքենաներն աշխատում են բյուջեի բենզինով (թալանվող, թե հասանելիք՝ կապ չունի): Այդ պատճառով էլ սկսել են հայտարարել, թե գազից զատ թանկացել են նաև պահեստամասերն ու քսանյութերը: Մարդկանց հանգստացնելու այս պարզունակ խեղկատակությունը ևս արդյունք չի տալիս, որովհետև նրանք պարզորոշ տեսնում են, որ այս տարիներին տաքսու ծառայություններն ու ավտոբուսային պարկերն ինչպես են թարմացվել ու ինչպիսի թանկարժեք ավտոմեքենաներ են սկսել շահագործել մասնավորապես տաքսի ծառայությունները: Դա խոսում է միայն այն մասին, որ տրանսպորտի բնագավառում երկար ժամանակ գերշահույթներ են եղել, ինչից էլ այժմ գործարարները չեն ուզում հրաժարվել:

Մեզ թվում է՝ Սերժ Սարգսյանը պետք է պատահաբար անցնի Երևանի քաղաքապետարանի մոտով, կանգ առնի ու ասի՝ Տարոն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի: Էժանացրու: Պիտի հասկանալ, որ այս օրերին Հայաստանը չի կարելի հասցնել սոցիալական բունտի եզրին: Դրա համար պետք է ճզմել ոչ թե ժողովրդին, այլ նրանց, ովքեր սովոր են գերշահույթների: Այդ նրանք պետք է տուժեն թանկացումներից և ոչ թե գրպանի լումաները հաշվող քաղաքացին: Բոլոր ժամանակներում է այդպես եղել: Դա է պահանջում արդարությունը: Մենք գնում ենք հակառակ ուղղությամբ՝ ժողովրդին դիտարկելով որպես փողի կարաս, որից ինչքան հանես՝ բան չի պակասի: Մինչդեռ հակառակ մոտեցումը պետք է լինի: Էժանացրեք տրանսպորտը, և թող գծատերերը ցույց անեն, իրենց պատերով տան: Այդպես երկրի համար ավելի լավ կլինի: Թող սովորեն նաև նորմալ շահույթով աշխատել, աշխարհը շուռ չի գա:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ