Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Mitcubishi Pajero-ն մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում


21:25 , 31 մայիս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի բնակիչ, 40-ամյա Նորայր Հարությունյանը իր վարած Mitcubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով, Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայրի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: