«Եթե Մոսկվան և Բաքուն, և բոլոր մյուս համանախագահները չեն հերքում Լավրովին, նշանակում է, որ պարզվում է Երևանի բլեֆը, և նրանք որոշել են տեղը դնել». Տարասով


01:12 , 30 մայիս, 2020

168.am-ը գրում է․

168am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը։

– Պարոն Տարասով, ինչպե՞ս եք գնահատում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ներկայացրած պայմաններն Արցախյան հիմնահարցի փուլային կարգավորման վերաբերյալ։ Առաջին փուլերում Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու անվտանգության երաշխիքների հարցերի լուծումը տեղավորվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նշած փուլային կարգավորման ռուսական առաջարկների շրջանակում։ Ըստ Ձեզ՝ ռուսական իշխանական շրջանակները, որոնք ներկայումս առաջ են մղում ռուսական փաթեթը, ինչպե՞ս կվերաբերվեն այս հայտարարություններին։

– Վերջապես լսում ենք կիրթ, սթափ, շատ իրական իրավիճակի գնահատում Արցախի նոր նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։ Առավել հետաքրքիր է, երբ այս հայտարարությունն արվում է այն տեղեկատվության ֆոնին, որ նա վերանշանակել է ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանին, ով նրա գլխավոր մրցակիցն էր։ Մեր գնահատմամբ՝ նրանք չեն ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման տեսլականի հարցում տարաձայնություններ, հակասող գնահատականներ, թեև քաղաքական հակառակորդներ էին, և այն, որ Հարությունյանը նման շքեղ քայլ արեց, որն ուղղված է քաղաքական դաշտի կոնսոլիդացիային և ոչ բաժանարար գծերի ձևավորմանը՝ ի տարբերություն Երևանի, ի դեպ, նա կոնսոլիդացրեց ուժերին, որոնք իր ընդդիմախոսներն էին, բայց նա նրանց թշնամիների չվերածեց։

Մենք ուշադրություն դարձրինք նաև այն հանգամանքի վրա, որ նա ասում է՝ պետությունը ղեկավարելու պատասխանատվության բաժանում է լինելու, այսինքն՝ ընտրություններում շատ ձայներ ստացած երկրորդ ուժի հետ պատասխանատվություն են ստանձնում Ղարաղաբի համար։

Մայիլյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, դիվանագիտական շրջանակներում հայտնի է, այդ թվում` Ռուսաստանում և Արևմուտքում, նա նաև կառուցողական հարաբերություններ ունի Երևանի հետ, նա տեղյակ է գործերից, գիտի, թե կոնկրետ ինչ նյութեր և փաստաթղթեր են դրված բանակցային սեղանին Մնացականյանի և Մամեդյարովի միջև։ Այս իմաստով դրական եմ գնահատում այդ ամենը։

Եթե խոսենք բանակցություններից, խոսքը բանակցային գործընթացի մասին է Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք իրավական ուժ չունեն ո՛չ Բաքվի, և ո՛չ Երևանի համար, բայց ամեն դեպքում դրանք բանակցային գործընթացի հիմքն են։ Բայց ուզում եմ պարզաբանել այն թեման, որը շատ է քննարկվել. ԼՂ հակամարտության կարգավորումը ենթադրում է անխուսափելիորեն փուլային մոտեցում, և ողջ պոլեմիկան հետևյալն էր՝ սկզբից ճանաչում ենք անկախությո՞ւնը, թե՞ միջանկյալ կարգավիճակը, ու հետո շրջաններն են ազատվում, թե՞ շրջաններն են ազատվում, ապա մյուս հարցերը, սա է ողջ պոլեմիկան։ Բայց ամեն դեպքում լինելու է գործողությունների փուլայնություն։

Կրկին վերադառնամ Մայիլյանին. կասկածից վեր է, որ ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանի նշանակումն այդ պաշտոնին ավելի մեծ նշանակություն է հաղորդելու, քանի որ նա եղել է երկրորդ ուժը, նա ներկայացնելու է Ղարաբաղի տեսակետները՝ որպես բանակցային գործընթացի մասնակից։ Սա տրամաբանական ու անխուսափելի է, քանի որ կոնֆլիկտաբանությունը ենթադրում է բոլոր մասնակիցների անմիջական մասնակցություն կարգավորման գործընթացին։ Անխուսափելի է Ղարաբաղի մասնակցությունը, սակայն ո՛ր փուլում՝ չեմ կարող ասել։

Երևանյան դիվանագիտության խնդիրն է՝ հանրային ձևով հստակեցնել սեփական օրակարգը, ներկայացնել պայմանները, պետք է ասել՝ վարո՞ւմ է արդյոք Երևանը բանակցություններ առանց Ղարաբաղի, թե՞ ոչ, կամ, եթե վարում է բանակցություններ առանց Ղարաբաղի, ապա ո՞ր հարցերի շուրջ, հիմք ընդունո՞ւմ է Մադրիդյան սկզբունքները, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչն է հիմք ընդունում։

Այսինքն՝ «պարտիտուրան գրվում է, ու սկսվում համերգը»։ Իսկ ներկայումս ո՛չ պարտիտուրան է հայտնի, ո՛չ երաժիշտները, ով է ռեժիսորը, հեղինակը, երբ կլինի համերգը, ոչինչ հայտնի չէ։

Ալիևն ասում է մեկ բան, Փաշինյանը՝ մեկ այլ, Մամեդյարովը՝ երրորդը, Լավրովը՝ չորրորդը, Մնացականյանը՝ հինգերորդը, և մեղադրել նրանցից որևէ մեկին նրանում, որ ստում են, սխալ է, քանի որ նրանք, թեև հակասում են միմյանց, սակայն, թե ինչ է իրականում տեղի ունենում, որևէ մեկը չգիտի, քանի որ կա նաև պայմանավորվածություն՝ կոնֆիդենցիալ պահելու բանակցությունները։

Բայց այդ փակ իրավիճակը նաև ինտրիգ է ստեղծում, տարբեր մեկնաբանություններ են սկսում տրվել, կոնֆրոնտացիոն մոտեցումներ և լարվածություն է սկսվում։

– Ձեր նշած վերջին ինտրիգը ՌԴ ԱԳ նախարարի փուլային կարգավորման մասին հայտարարությունների շուրջ էր։ Ինչո՞ւ արվեց այդ հայտարարությունը, եթե կար կոնֆիդենցիալության շուրջ պայմանավորվածություն, դա սո՞ւտ էր, մանիպուլյացիա՞ էր, ի՞նչ էր, ինչո՞ւ այդ մասին հայտարարվեց, եթե բոլոր հարցերը չեն համաձայնեցվել։

– Լավրովը հեղինակավոր, լուրջ ֆիգուր է, նա համանախագահ երկրի ներկայացուցիչ է։ Լավրովը շատ կոնֆլիկտային հարաբերություններում է եղել, նա բլեֆներ չէր անի։ Ըստ երևույթին, եղել է կոնֆլիկտ հայկական և ռուսական դիվանագիտությունների միջև, ինչո՞ւ, որովհետև հայկական դիվանագիտությունը պնդել է, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի գործընկեր, ընդհանրապես ռազմավարական դաշնակից, աջակցի բլեֆի դիվանագիտությանը, այսինքն՝ ժամերով խոսել, բայց ոչնչի շուրջ, եթե Մնացականյանը ցանկանում է, կարող է նման կերպ մտածել, սակայն Մամեդյարովն այդպես չի կարծում, և ոչ ոք այդպես չի կարծում։

Նման բան չի լինում, ուստի Լավրովն ասաց․ « Տղաներ, մենք խաղ ենք տանում, լուրջ բանակցություններ են ընթանում», և, իհարկե, դրանք կոնֆիդենցիալ են, նա ասաց, որ կան որոշ փաստաթղթեր, դրանք քննարկվում են։ Եթե երկու կողմերը՝ Մոսկվան և Բաքուն, և բոլոր մյուս համանախագահները չեն հերքում Լավրովին, նշանակում է, որ պարզվում է Երևանի բլեֆը, և նրանք որոշել են տեղը դնել։ Եվ հիմա Ստեփանակերտը ևս խոսում է փուլայնության մասին, սա սթափ, ադեկվատ մոտեցում է, սա նշանակում է՝ իրերն անվանել իրենց անուններով։ Ստեփանակերտը փորձում է ինտեգրվել այս գործընթացին: Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ չեմ կարող ասել։

– Այն, ինչ ներկայումս պնդում է Ստեփանակերտը փուլայնության ձևաչափի վերաբերյալ, ընդունելի՞ է։

– Ստեփանակերտը, ինչպես ասացի, պետք է վերադառնա բանակցային սեղան, և այդ հարցերը կքննարկվեն։ Հենց այդ հարցերն են եղել բանակցային գործընթացի գլխավոր կռվանը։

– Պարոն Տարասով, ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կարգավորման գործընթացում, ինչը և Դուք նշեցիք, նկատվում է մեծ լարվածություն։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Երևանն ու Մոսկվան չեն հասկանում միմյանց։

– Երբ մենք լսում ենք, որ Փաշինյանն ասում է, որ չդարձան Ռուսաստանի մարիոնետկաները, Արևմուտքի մարիոնետկաները, և նմանատիպ հայտարարությունները․․․

– Ինչո՞վ է վատ այդ հայտարարությունը։

– Հայաստանը չի եղել մարիոնետկա, բայց երբ այդ մասին ասվում է, դա ցույց է տալիս մեր հարաբերությունների մակարդակը, դա վերաբերմունք է արտահայտում։ Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հստակ է ներկայացնում Հայաստանի դիրքերը, նա փորձառու քաղաքական գործիչ է, նա ասում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է աշխատեն միասին՝ որպես գործընկերներ։ Սա այլ մոտեցում է՝ սթափ ու ճիշտ, ՀՀ նախագահն ասում է մեկ բան, Փաշինյանը՝ բացարձակապես այլ բան, իսկ նախագահն ավելի փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ է: Նա հասկանում է հայ-ռուսական հարաբերությունների իրական մակարդակը, իսկ վարչապետը սկսում է Ռուսաստանի հետ բազարային տորգ անել։ Սա աչք է ծակում։

– Ի՞նչ նկատի ունեք «բազար» ասելով, միգուցե գազի գի՞նը։ Արդարացված չէ՞ ՀՀ ցանկությունը՝ համաշխարհային էներգետիկ շուկայում տեղի ունեցող գործընթացների, էական գնանկման ֆոնին ստանալ ավելի էժան գազ Ռուսաստանից, որը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար։

– Այո, նկատի ունեմ նաև գազի հարցը, մեծ աղմուկ բարձրացրին այդ հարցի շուրջ, միավորվեցին Բելառուսի նախագահի հետ։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանը ներկայումս այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում է՝ սիրում է, թե չի սիրում Պուտինին, ռուսներին, նա չպետք է դուրս գա Կրեմլի ընդունարանից, նա պետք է լինի ամենամտերիմ ընկերը՝ հանուն սեփական ժողովրդի։

Իսկ ներկայիս պահվածքը որակում եմ՝ որպես գավառական, ոչ ադեկվատ, սակայն կան փորձառու քաղաքական գործիչներ Հայաստանում, ինչպիսին նախագահ Արմեն Սարգսյանն է, ով հիանալի հայտարարություններ է անում, Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը՝ տանդեմով, որոնք լրջորեն կբարձրացնեն և Հայաստանի, և Ստեփանակերտի հեղինակությունը և լուրջ ազդեցություն կարող են ունենալ Երևանի պահվածքի վրա՝ անալիզների, գնահատականների, մեթոդիկայի տեսանկյունից։