Թանկացումները ուղիղ համեմատական են Հայաստանի՝ լինել-չլինելու հարցին


15:44 , 20 հուլիս, 2013

Դեռ ամառվա շոգը թույլ չի տալիս մարդկանց սառը դատել, սակայն ցրտերը ընկնելուն պես շատերը ոչ միայն գրպանի դատարկությունից, այլ նաև դատարկ ստամոքսների արձակած ձայներից կհասկանան, թե ինչ «ապահով» Հայաստանում են, և ինչքանով իրենց հայրենիքի մայրաքաղաքը դարձավ «ավելի լավը»: Ու այդ ամենը տեղի ունեցավ անմիջապես, երբ ավարտվեց ժողովրդին ևս 5 տարով խաբելու ծրագիրը:
Գազ, էլեկտրաէներգիա, ուսման վարձեր, հասարակական տրանսպորտ, սննդամթերք (այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել)... Սրանց թանկացումները ուղիղ համեմատական կապով կապված են Հայաստանի՝ լինել-չլինելու հարցի հետ: Թանկացումներին զուգահեռ ՀՀ բանկային համակարգը սկսել ա անհավանական ակցիաներ. աստղաբաշխական տոկոսներով արագ կերպով վարկավորում են գրեթե բոլոր աշխատունակներին ՝ «կփակվեն՝ ավելի լավ, չեն փակվի` տունը կխլենք» սկզբունքներով:
Ստացվում է մի բան. մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, վճարում ենք հարկեր, դրանցով վարձում պետական համակարգում աշխատող չինովնիկների, որոնք պիտի զարգացնեն մեր ժողովրդի կենսամակարդակը, անում են հակառակը: Այսինքն՝ մեր վարձած աշխատողները, ստանալով մեր գրպաններից վճարվող գումարները, երթևեկելով մեր փողերով գնված ծառայողական մեքենաներով, որոնք իրենց հերթին այրում են մեր գնած վառելանյութը, մեզ թողնում են 150 դրամանոց ավտոբուսների հույսին, իսկ իրենք «կայֆավատ» լինում:
Մեզ էլ ասում են՝ դուք սոված սատկեք կամ, եթե դուրներդ չի գալիս, արտագաղթեք: