Armsport.am-ը գրում է․
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանը, որը մարտին դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, կարող է ավարտին հասցվել «Չորսի եզրափակիչ» ձևաչափով։ Այս մասին հաղորդում է Goal Italia-ն։
Ընդ որում, վերջին շաբաթներում քննարկվում էր վճռորոշ փուլը Գերմանիայում անցկացնելու տարբերակը, որտեղ Եվրոպայի թոփ-5 առաջնություններից ամենաառաջինը վերսկսվեց ազգային մրցաշարը։
Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման նախնական վայրը Ստամբուլն էր, բայց Թուրքիան չի կարող առողջապահական տեսանկյունից երաշխիքներ տալ։
ՈՒԵՖԱ-ն պլանավորում է ՉԼ-ն ավարտել օգոստոսի 31-ին։ 1/8 եզրափակչի մնացած խաղերը պետք է անցկացվեն օգոստոսի 7-8-ին, իսկ 1/4 եզրափակչինը օգոստոսի 13-14-ին չեզոք մարզադաշտերում ու մեկ խաղի ձևաչափով։
Նշվում է, որ շատ ակումբներ ցանկություն կհայտնեն, որ քառորդ եզրափակչի խաղերը ևս Գերմանիայի մարզադաշտերում անցնեն։
«Չորսի եզրափակիչ» ձևաչափն օգտագործվում է այլ մարզաձևերում, օրինակ, բասկետբոլում ու հանդբոլում։ Դրա միտքը որոշիչ փուլերը օլիմպիական սիստեմով 4 թիմերի մասնակցությամբ ու մեկ խաղի ձևաչափով անցկացումն է մի քանի օր առաջ նախապես որոշված քաղաքում։