Քաղաքացիները 1,5 ժամ սպասում են, որ երթուղայինները շարժվեն


14:27 , 29 մայիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Թեպետ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, սակայն խիստ սահմանափակումները հանված են․ պարտադիր է ձեռնոց եւ դիմակ կրելը՝ փակ տարածքներում, խիստ ցանկալի է նաեւ՝ դրսում։ Նաեւ պաշտպանիչ միջոցներով պետք է բարձրանալ ավտոբուս, երթուղային տաքսի։ Աշխատում են նաեւ միջմարզային երթուղայինները։

Մենք քաղաքացիներից բողոք ենք ստացել, որ մասնավորապես Երեւան-Արմավիր երթուղին, ինչպես հարկն է չի սպասարկում․ «Արմավիր հասնելու համար 1,5 ժամ պետք է սպասես ավտոբուսի մեջ, որպեսզի շարժվի։ Վարորդներն ասում են՝ եթե մի քանի հոգի են ավտոբուսում, ապա չենք շարժվում, այդպես է ասել դիսպետչերը․․․ Բավականին անհարմար է այս շոգ եղանակին ձեռնոցով եւ դիմակով մեկ ժամից ավելի սպասել ավտոբուսում»։

Մենք զրուցեցինք  Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ, վերջինս մեզ ասաց, որ երթուղայինները երթեւեկելու հստակ ժամեր ունեն, որոնք իրենք չեն կարգավորում․ «Տեսչական մարմինը պետք է տուգանի»։