«Ժողովուրդը սկսել է չլսել Նիկոլ Փաշինյանին, դա իր պատճառներն ունի». Արթուր Խաչատրյան


20:59 , 28 մայիս, 2020

168.am-ը գրում է․

Կորոնավիրուսի այս աստիճանի տարածվածությունն իշխանության ոչ կոմպետենտ աշխատանքի արդյունքն է, թեև մենք վարակի տարածման դեռ սկզբնական փուլում իշխանությանն ասացինք, որ պատրաստ ենք անգամ մեր համահայկական ներուժը դնել այս վարակի դեմ պայքարելու համար, սակայն որևէ արձագանք չստացանք՝ ավելին՝ իշխանությունը շարունակեց իր քարոզարշավը։ Այս մասին 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ շեշտելով, որ թեև հիմա՝ ուշացումով, իշխանությունը փոխել է վարակի ընկալման վերաբերյալ իր դիրքորոշումները, սակայն «Ջինն այլևս շշից դուրս է եկել»։

«Սկզբից պետք էր գնալ շոկային թերապիայի այնպես, ինչպես արեց Վրաստանը։ Հիմա, կարծում եմ, ճիշտ է գնալ կոշտ կարանտինի։ Այս պայմաններում շատ դժվար կլինի, բայց դա է միակ ելքը, հակառակ պարագայում՝ իշխանությունը վարում է պատասխանատվությունը սեփական ուսերից դեն նետելու քաղաքականություն։ Ժողովուրդը սկսել է չլսել Նիկոլ Փաշինյանին, դա իր պատճառներն ունի, մարդիկ սպասումներ ունեն, որոնք չեն իրականանում: Մարդիկ պահանջում են նախկիններից եկած սխալներն ուղղել, Նիկոլը շարունակում է կրկնել՝ Սերժ Սարգսյանից է եկել»,- ասաց Արթուր Խաչատյանը։

Ըստ նրա՝ հանրությունը հիասթափվում է իշխանությունից նաև նրա համար, որ հայտարարել է կոռումպացվածներին դատելու մասին, բայց մինչև օրս որևէ մեկին չի դատել ու չկա ուժի մեջ մտած դատավճիռ։

«Չի դատում, որ նախևառաջ կարողանա բոլորին մեղադրել. քանի դեռ որևէ մեկը նստած չէ, դա Փաշինյանին հնարավորություն է տալիս բոլորին անհասցե մեղադրել, բայց նա արդեն չի կարող իր բոլոր սխալների մեջ մեղադրել նախկիններին, ժամանակը գնում է, և 2 տարվա մեջ Փաշինյանն ինքն է դառնում նախկին»,- ասաց Խաչատրյանը։

Իշխանությունից հիասթափվելու հաջորդ պատճառը, ըստ Արթուր Խաչատրյանի, կորոնավիրուսի դեմ տարվող անարդյունավետ պայքարն է, սակայն վստահ է, որ այս հարցում էլ իշխանությունը կգտնի մեղավորներ։

«Ձախողման մեջ պետք է մեկին գտնեն, որի վրա դուրս կգրվի այս ամեն ինչը, չեմ զարմանա, որ կառավարող թիմի մեջ լինեն հրաժարականներ»,- ասաց Խաչատրյանը։

ՀՅԴ ԳՄ անդամն անդրադարձավ նաև Կառավարության վարած տնտեսական քաղաքականությանն ու նշեց՝ քանի դեռ մեր տնտեսությունը զարգացնելու համար կառուցվածքային փոփոխության չի ենթարկվել, ապա որևէ տնտեսական լուրջ դրական փոփոխություն ակնկալել չենք կարող։

«Օրինակ՝ Փաշինյանը գնաց կարմիր ժապավեն կտրեց, թե՝ ահա բացվում է հեռուստացույցների արտադրման գործարան, հարց՝ ո՞ւր է հիմա այդ գործարանը, տալի՞ս է արդյոք արտադրանք, իհա՛րկե ոչ։ Նկատեմ, որ Փաշինյանը գնացել էր այն ընկերության բացման արարողությանը, որը, ըստ ներկայացված փաստաթղթերի, կառուցվել է 3 օրում։ Այնպես որ, գործ ունենք նման տեսարաններ ապահովելու քաղաքականության և ոչ թե լուրջ աշխատանքի հետ»,- ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ տնտեսության մեջ հեղափոխության մասին անհնար է խոսել նաև այն դեպքում, երբ, ըստ պաշտոնական վիճակագրության, որևէ դրական փոփոխություն չկա, օրինակ, խոշոր մենաշնորհատերերի հարցում։

«Ասում ես՝ մի մոնոպոլիա ասա, որը երկու տարի առաջ կար, այսօր չկա, անուններ չեն տալիս։ Խոշոր մենաշնորհային շուկաներում որևէ փոփոխություն չկա, ավելին՝ որոշ տեղերում ավելի շատացել է գերկենտրոնացվածությունը»,- ասաց Խաչատրյանը։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Կառավարության ընդունած այն որոշմանը, ըստ որի՝ պետությունը 5 միլիարդ դրամ պետք է հատկացնի ներդրողներին, եթե նրանք ցանկություն հայտնեն ներդրումներ անել։ Խաչատրյանը նշեց, որ պետությունն այս նպատակի համար հատկացրել է 50 միլիարդ դրամ, սակայն այն չափանիշերը, որը սահմանել է այդ ծրագրից օգտվելու համար, ծրագիրը հասու կդարձնի միայն խոշոր գործարարներին։

«Ըստ նախագծի՝ մինչև 2 միլիարդ դրամ պետք է դնի ընկերությունը, 2 միլիարդ դրամ կստանա ԿԲ-ից, և այլն. Այսինքն՝ այդ ընկերությունը պետք է կարողանա 4 միլիարդ դրամ մարսել, իսկ հարց է առաջանում՝ քանի՞ ընկերություն կա, որը կարող է մարսել 4 միլիարդ դրամ, դա անելու հնարավորություն ունեն միայն խոշորները։ Ստացվում է՝ խոսում են միջին խավի, ՓՄՁ-ների զարգացման մասին, սակայն Կառավարությունը 50 միլիարդ դրամով խրախուսում է միայն խոշորներին՝ «ավել թիքեն աչք չի ծակի, էժան փող է՝ թող լինի» տրամաբանությամբ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում