«Զվարթնոցում» ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. տարհանել են 4 աշխատակիցների


11:20 , 28 մայիս, 2020

Այսօր՝ մայիսի 28-ի գիշերը, «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել:

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 28-ին՝ ժամը 01։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

Ավելի վաղ՝ մայիսի 28-ի գիշերը, անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված: «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ: